charset="UTF-8"> Թուրքական մամուլը՝ հայկական թղթադրամի վրա Սարոյանի հայտնվելու մասին

Թուրքական մամուլը՝ հայկական թղթադրամի վրա Սարոյանի հայտնվելու մասին

Թուրքական մամուլի ուշադրությունից չի վրիպել Հայաստանի Կենտրոնական բանկի ներկայացրած երրորդ սերնդի թղթադրամներից 5000 դրամանոցի վրա ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի պատկերը: Ինչպես հայտնի է, Սարոյանի ընտանիքն այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Բիթլիս (Բաղեշ – tert.am) քաղաքից է արտագաղթել ԱՄՆ: «Սյոզջու» պարբերականի սյունակագիրներից Յիղիթ Ջան Քայթմազն այս առիթով հատուկ անդրադարձ է կատարել աշխարհահռչակ հայազգի գրողին՝ «Բիթլիսից դուրս եկավ, նկարը Հայաստանի դրամի վրա անմահացավ» վերնագրով հոդվածում պատմելով Սարոյանի գրական ուղու մասին: «Վիլյամ Սարոյանը ծնվել է 1908 թվականին՝ որպես Բիթլիսից ԱՄՆ գաղթած մի ընտանիքի՝ այդ երկրում լույս աշխարհ եկած առաջին անդամ: 1930-ականներից տպագրվել սկսած Սարոյանը գրում էր, ինչպես որ խոսում էր առօրյա կյանքում, և դրանով ստեղծեց իրեն հատուկ Saroyanesque գրական ոճը: Սարոյանը մահացել է 72 տարեկանում, քաղցկեղից»,- գրում է թուրք սյունակագիրը: Քայթմազն անդրադարձել է նաև հայազգի նշանավոր գրողի ստացած հեղինակավոր մրցանակներին, Հեմինգուեյի հետ ունեցած թեժ վեճերին ու կռիվներին՝ նշելով, որ համաշխարհային գրականության պատմության մեջ Սարոյանն ունի իր անփոփոխ և ուրույն տեղը:

Like this post? Please share to your friends: