Օպերային թատրոնի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանը մահացել է

Այսօր առավոտյան մահացել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ 23-ամյա Վահագն Մարգարյանը, տեղեկացնում են «Հերացի» համալսարանական հիվանդանոցի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ Aysor.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 6-ին տեղի ունեցած վթարից հետո Վահագն Մարգարյանը գտնվում էր «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում, սակայն նոյեմբերի 13-ին հարազատների նախաձեռնությամբ տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Երկար ժամանակ արտիստին օգնելու համար արյուն հանձնելու ակցիա էր իրականացվում:

Վթարը տեղի էր ունեցել նոյեմբերի 6-ին՝ երեկոյան ժամը 20:00-ի սահմանում՝ Երևան-Աշտարակ ճանապարհի Պռոշյան գյուղի տարածքում: Ավտոմեքենայի մեջ բացի վարորդից, եղել են նաև Վահագն Մարգարյանը, նրա եղբայրը, եղբոր կինն ու 2 տարեկան երեխան:

Նոյեմբերի 4-ի Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի էր ունեցել «Չիպոլինո» ներկայացման պրեմիերան, որի գլխավոր հերոսին մարմնավորում էր հենց Վահագն Մարգարյանը:

Like this post? Please share to your friends: