charset="UTF-8"> Քոչարյանի «Լազարևյան» շանսը

Քոչարյանի «Լազարևյան» շանսը

Երեւանում բացվել է Լազարեւյան ակումբի անդրանիկ նիստը, որը պետք է աշխատի հայ-ռուսական հարաբերության վերափոխման ուղղությամբ: Համենայն դեպս, ակումբի բացման նպատակը այդպես էր շարադրել մտահղացման հեղինակ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, եթե, իհարկե, իրապես նա է ակումբի հեղինակը:
Լազարևյան ակումբը համարվում է Գրիբոյեդով ակումբի իրավահաջորդը, և նոր պլատֆորմ պետք է հանդիսանա հայ-ռուսական համագործակցության զարգացման համար: ՈՒշագրավը սակայն այն է, որ չնայած ուղարկված հրավերներին Հայաստանի և Արցախի քաղաքական էլիտան որոշել է չմասնակցել ակումբի անդրանիկ նիստին: Փաշինյանը զբաղված է քարոզարշավով, սակայն, ըստ էության, նա պարզապես չի ցանկանցել բանավեճի մեջ ներքաշվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ով, ի տարբերություն մյուսների, արձագանքել է հրավերին, չնայած որ նրա մասնակցությունը մինչև վերջին պահը հարցականի տակ էր: 
Սա վերջին շրջանի, թերևս, ամենամեծ և ներկայացուցչական հավաքն էր, հանրային միջոցառումը, որին մասնակցություն ունեցավ նաև Ռոբերտ Քոչարյանը: Իր կարճ ելույթում երկրորդ նախագահը նախ նշեց, որ այս ակումբը լուրջ հարթակ է, որտեղ հավաքված են ՌԴ և Հայաստանի հեղինակավոր գործիչները, ըստ էության, Քոչարյանը նկատի ուներ հենց իրեն, քանի որ նա, ի տարբերություն վարչապետի պաշտոնակատարի, ներկա է այսօրվա անդրանիկ նիստին: Երկրորդ նախագահն ասաց այն, ինչի համար ժամանել էր մարզահամերգային համալիր՝ հայ-ռուսական հարաբերություններում անգամ հայտարարություններում սեպ խրելը երկու երկրների հարաբերություններում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, հատկապես եթե այդ հայտարարությունները արվում են հանրային կարծիքը մանիպուլացնելով: Այստեղ, իհարկե, Քոչարյանը նկատի ունի Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին շրջանում տարվող քաղաքականությունը, որի արդյունքում հայ-ռուսական հարաբերությունները լարվածության նոր փուլ են մտել: Իսկ քանի որ նիստի ընթացքում կարմիր թելի պես անցնում էր նաև արցախյան թեմատիկան՝ Քոչարյանը փորձում է ցույց տալ, որ օրվա իշխանությունները իրենցից վտանգ են ներկայացնում հատկապես Արցախի հարցով և առաջին հերթին հենց ՌԴ համար:
Սակայն ինչպես և սպասվում էր իր խոսքում Քոչարյանը չմոռացավ տողատակով քաղաքական կսմիթ հասցնել Սերժ Սարգսյանին, ում նա պարբերաբար ցանկանում է ներքաշել քաղաքական–հանրային կյանք՝ թիրախում միայնակ չմնալու համար: Մասնավորապես Քոչարյանը ակնարկել է, որ տհաճ է և դժվար ընկերություն անել նրանց հետ, ովքեր մշտապես հանդես են գալիս խնդրողի, աղերսողի դիրքից: Սա ակնարկ է, որ հենց այդպիսի դիրքերից է մշտապես հանդես եկել Սերժ Սարգսյանը: Ինչ վերաբերվում է նոր իշխանություններին, ապա նրանք էլ իրենց մանիպուլյացիաներով լուրջ հարված են հասցնում ռուս-հայկական հարաբերություններին, ինչը ոչ պակաս տհաճ է և չի բխում ընկերության մասին դասական պատկերացումներին: Ստացվում է, որ Քոչարյանը ցույց է տալիս, որ վատի և վատագույնի միջև ընտրություն անելու փոխարեն կարելի է ընտրել ոսկե միջինը՝ իրեն:
Կարևոր է նաև այն, թե ինչ փակագծեր էր, ի վերջո, ցանկանում բացել Ռոբերտ Քոչարյանն արդեն վաղը սպասվող նիստում և այն, թե կունանան արդյոք այդ բացված փակագծերը նույն էֆեկտը, որը Քոչարյանը ցանկանում էր ստանալ Փաշինյանի մասնակցության պարագայում: Մամուլում հրապարակումներ եղան, որ մինչև դեկտեմբերի 1-ը Քոչարյանը կալանքի տակ կառնվի, որոշ կարծիքների համաձայն օրը պատահական չէր նշվում և իշխանությունները փորձում էին անել հնարավորը՝ Քոչարյանի հնարավոր ելույթը տապալելու համար: Գուցե վաղը անկալվող ելույթը այդքան էլ վտանգավոր չէ իշխանությունների համար, կամ էլ Մոսկվան է որոշակի մեսիջներ հղել Երևանին և դա է պատճառը, որ Քոչարյանը ոչ թե բանտից, այլ պատվավոր հյուրի կարգավիճակով է մասնակցում այսօրվա նիստին:
Աղբյուր՝ Լուրեր.com
Like this post? Please share to your friends: