Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ քաղաքացին կորոշի՝ իրենք կլինե՞ն ընդդիմություն, թե՞ ոչ: Այս մասին նա խոսել է խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Լրագրողները հարց են ուղղել նաև ՀՀԿ-ի հնարավորությունների մասին: Մարությանն ասել է, որ այդ ուժն այլևս ձայներ չի ստանա:
«Ես իմ հաշվարկներով գիտեմ, որ ՀՀ քաղաքացին «ամենասուրբ» ռեյտինգային թեկնածուի խաթր չի գնա և չի վերցնի ՀՀԿ-ի քվեաթերթիկը»,- ասաց Մարուքյանը:Միաժամանակ, նա հայտնել է, որ հիմա այն պահն է, երբ բոլոր կուսակցություններն ունեն հավասար հնարավորություններ, սկսում են սպիտակ թղթից:
«Պետք է ներկայացնենք մեր անելիքները, պետական շինարարության գործում ինչ ներդրում ենք ունենալու»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, իբր քարոզարշավից դուրս Մարուքյանը քարոզարշավ է սկսել, նա պատասխանեց.
«Ես քարոզարշավը չեմ սկսել, երեկ գրասենյակ էի բացում»: Մարուքյանը չի պատասխանել ցուցակների մասին լրագրողների հարցին: Միայն նշել է, որ շուտով անունները կհրապարակվեն: Ինչ վերաբերում է քարոզարշավ իրականացնելու համար դրամական միջոցների սղությանը, Էդմոն Մարուքյանը պատասխանել է, որ գումարի կարիք միշտ կա:«Ֆինանսական խնդիրներ միշտ կան, որքան փող լինի, այդքան կարող ես ծախսել, մեր մոտեցումն է խելացի ծախսել: Մեր ծախսած 1 միլիոն դրամը պետք է տա 10 միլիոն դրամի էֆեկտ»- եզրափակեց խոսքը Մարուքյանը: