ՏԱՐԱԾԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՀԱՍՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ․․․Սպաներ, որոնք ձմեռվա շեմին հայտնվեցին կադրերի ռեզերվում

Բաց նամակ վարչապետին Մեծարգո պարոն վարչապետ, ևս մեկ անգամ դիմում եմ Ձեզ բաց նամակով, քանի որ կասկածում եմ, որ առաջին նամակս հասել է Ձեզ։ Այն, որ հզոր Ազգ և հզոր Բանակ ենք, և այն, որ Դուք դա ըստ արժանվույն գնահատում եք՝ դա միայն գովասանքի է արժանի։

Սակայն բանակի ստորաբաժանումները՝ դա քարտեզում պատկերված նշաններ չեն, դա մարդիկ են՝ իրենց կենսագրություններով և վաստակներով, և գնահատել է պետք յուրաքանչյուրին՝ անհատապես: Խոսքս այն բազմաթիվ սպաներին է վերաբերում, ովքեր ձմեռվա շեմին հայտնվեցին կադրերի ռեզերվում, ովքեր ունեն բարձր ռազմական կրթություն և իրենց կյանքի լավագույն տարիներն ու հմտությունները ներդրել են Հայրենիք և Հայկական բանակ, և այլևս այլ մասնագիտություն կամ աշխատանք ձեռք բերելու ժամանակ և հնարավորություն չունեն, և որոնց մեծամասնությունը ընտանիքի միակ կերակրողն է, և ծայրահեղ դեպքում չեն կարող նույնիսկ թոշակով ընտանիք պահել, առավել ևս՝ սպային վայել արժանապատիվ կեցվածք ունենալ։

Բանակը ժողովրդի ձեռքն է, և այդ ձեռքը պետք է ամուր լինի։ Համաձայն եմ, եթե անգամ ճիշտ և անհրաժեշտ են ռեֆորմները, ապա գոնե ոչ ռեկորդային ժամկետներում, այն կարելի էր քայլերով անել՝ նախօրոք համապատասխան տեղերը գտնել, բայց ոչ թե դուրս գցել և չհետաքրքրվել անգամ նրանց ճակատագրով։ Նրանց մեջ կան փորձառու մասնագետներ, որոնք դեռ անելիք ունեն բանակի զարգացման և հզորացման գործում։

Այո, սա նոր Հայաստանն է, որտեղ բոլորս լցված ենք հույսերով, և հույս ունենք, որ բանակի կադրային քաղաքականությունը կվերանայվի, որպեսզի նոր Հայաստանում հայ սպան չապրի և չպահի իր երեխային միայն հույսով, որպեսզի չխոսենք հայ ընտանիքին գոնե հանապազօրյա հացով ապահովելու մասին, սակայն ստացվի հակառակը, և չխոսենք ու կոչեր չանենք աշխատանքի խրախուսման մասին, սակայն զրկենք աշխատանքից։ Հարգանքներով՝ Ձեր կողքին կանգնած, Հայկական բանակի ՍՊԱ։

ԱՐՄԵՆԱԿ ԲԱԴԱԼՅԱՆ

aravot.am

Like this post? Please share to your friends: