charset="UTF-8"> Վրաց իշխանության վարած քաղաքականության արդյունքում հայերը չեն կարող լինել

Վրաց իշխանության վարած քաղաքականության արդյունքում հայերը չեն կարող լինել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Եվրոպական Վրաստան» կուսակցության Ջավախքի լիդեր Արսեն Կարապետյանը։

-Պարոն Կարապետյան, Վրաստանում մի քանի օրից ընտրությունների երկրորդ փուլն է, որտեղ, ըստ էության, Վաշաձեի շանսերն են ավելի մեծ։ Վրացահայ համայնքը առաջին փուլի ժամանակ քվեարկել էր Սալոմե Զուրաբիշվիլիի օգտին։ Հիմա հնարավո՞ր է համայնքում դիրքորոշման փոփոխություն տեղի ունենա։

-Առաջին փուլի արդյունքները ցույց տվեցին, որ հայերն ավելի շատ ընդդիմության կողմն են տրամադրված։ Երբեք չի եղել, որ Ջավախքում ընդդիմությունը 15-20 տոկոսից ավելի ձայն ստանա, իսկ այս դեպքում միասնական ընդդիմադիր ուժերով առայժմ 42 տոկոս, այսինքն՝ կեսը։ Իսկ գործող իշխանության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին ձայների 58 տոկոսն է ստացել, համոզված եմ, որ երկրորդ փուլում այս թիվն ավելի ցածր կլինի։ Սա լուրջ տոկոս է։ Ինչ վերաբերում է նրան, որ լուրեր են շրջանառվում, թե հայ համայնքը քվեարկել կամ քվեարկելու է Սալոմե Զուրաբիշվիլիին, դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Այդ լուրերը Վրաստանի իշխանություններն են տարածում, քանի որ դա իրենց ձեռնտու է, իսկ ռեալում ավելի ընդդիմական են հայերը։ Եվ այս իշխանության վարած քաղաքականության արդյունքում հայերը չեն կարող լինել պրոիշխանական։

-Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ 2012 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Ախալքալաքում և Նինոծմինդայում իրավապահ համակարգի ղեկավարներ նշանակվեցին վրացիներ, նույնն է նաև դատախազությունում, պարեկային ոստիկանությունում, հարկային վարչության ղեկավար կազմում և այլն: Ո՞րն է նման խտրական վերաբերմունքի պատճառը։

Նախ և առաջ՝ սա իշխանության մեծ սխալն է, որը չեմ կարծում, թե պատահականություն է, այլ նպատակաուղղված քայլ է։ Դրա արդյունքը եղավ այն, որ կրիմինալ պատկերը Ջավախքում շատ վատ ուղղությամբ փոխվեց․ ինքներդ գիտեք, թե որքան սպանություն, գողություններ տեղի ունեցան։ Համաձայն եմ, որ ձեր թվարկած որևէ կառույցում հայեր չկան, ո՛չ ՄԻՊ-ում, ո՛չ դատախազությունում։ Եվ իմ կարծիքով՝ սա միտումնավոր արված է տեղացի ժողովրդի դեմ, կարծես թե տեղացի ժողովրդին իշխանությունը չի վստահում։

-Նախկինում, սակայն, հիշում ենք, որ կային պատասխանատու պաշտոններում հայեր։

Ես մեկ օրինակ բերեմ՝ մինչև 2012 թվականը ես ղեկավարում էի Նինոծմինդայի ոստիկանության գլխավոր վարչությունը։ Իմ երկու տեղակալները տեղացի հայ տղաներ էին, բաժնի պետերը, քարտուղարուհիները բոլորը տեղացիներ էին։ Եվ սա բերեց նրան, որ յոթ տարվա ընթացքում ես լավագույն վարչությունն էին ղեկավարում Վրաստանում։ Եվ հիմա Վրաստանի իշխանությունը շատ մեծ, ճակատագրական սխալ է անում, որ ջավախքցիների պես լավ ժողովրդի նկատմամբ նման կերպ է վարվում։ Եվ հենց այս ընտրությունների առաջին փուլը ցույց տվեց այդ արդյունքը։

 Նախկինում հատելիս հայ-վրացական սահմանը ՀՀ քաղաքացիներին ողջունում էին հայերեն: Այսօր հայերը մնացել են մաքսային ծառայության ամենացածր օղակներում: Մինչև 2012 թ. այդ բոլոր վերոնշյալ պաշտոններում տեղացի հայերն էին։ Որտե՞ղ են պատճառները։

-Այո, հայերեն չեն ողջունում։ Խնդիրները շատ են։

Ինչ վերաբերում է մինչև 2012 թվականը իրավիճակին, սա Սաակաշվիլիի վաստակը չէ, այլ մեր թիմի։ Կար թիմ, որը աշխատում էր, լսում էր տեղացի ժողովրդի հոգսն ու ցավը, խոսում էր աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտության մասին։ Իսկ այսօրվա իշխանությունը՝ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ, ցավոք սրտի, միայն զբաղված է դեմագոգիայով։ Սա լրիվ բուտաֆորիա իշխանություն է, ինչպես Թիֆլիսն է բուտաֆորիա, այնպես էլ բուտաֆորիա է տեղի իշխանությունը։ Սա ստեղծված է մեկ օլիգարխի համար։ Նրանք ուզում են հայերին հուսահատեցնել, որպեսզի նրանք ակտիվորեն չմասնակցեն Վրաստանի քաղաքական կյանքին։ Սակայն սա արդյունք չի տալու, քանի որ լինելու են ուժեր, որոնք պայքարելու են ճշմարտության համար։

 Արդեն մի քանի տարի է, ինչ Նինոծմինդա-Բավրա ճանապարհի առաջին հատվածը քանդված վիճակում է: Վրաստանի պետական նշանակության ճանապարհներից միայն այդ մեկն է նման անմխիթար վիճակում: Ո՞րն է պատճառը, որ այս հարցը տարիներ ի վեր չի լուծվել:

-Եկեք ռեալիստ լինենք, այս ամենը տեղի իշխանության խնդիրն է, նրանք որևէ հարց չեն բարձրացրել որևէ ամբիոնից։ Եվ սա տեղի իշխանության պահանջը պետք է լինի։ Այսօր ժողովրդի և իշխանության մեջ կապ գոյություն չունի, Վրաստանը լրիվ դարձել է օլիգարխիկ պետություն։ Ժողովրդի ձայնը այսօր լսելի չէ, և դրա ամբողջ պատասխանատվությունը տեղական իշխանությունների վրա է, տեղի պատգամավորների։

-Վաշաձեի հաղթանակի դեպքում, ի՞նչ եք կարծում, կհաղթահարվե՞ն այս բոլոր խնդիրները։

-Ոչ թե հույս ունեմ, այլ կարող եմ երաշխիք տալ՝ հիմնվելով նրա վրա, որ ես այդ թիմին ճանաչում եմ։ Ես վստահ եմ, որ այդ դեպքում ամեն ինչ կվերադառնա բնականոն հուն։

Աղբյուր՝ Առաջին լրատվական

Like this post? Please share to your friends: