Վերաքննիչ դատարանը մերժեց Ռուբեն Մխիթարյանի կողմից ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի միջնորդությունը

Վերաքննիչ դատարանը մերժեց Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջնորդությունը. Ռուբեն Մխիթարյանը կշարունակի քննել Ռոբեր Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Այս մասին Վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում նշեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանների թիմը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունն անցկացնող դատավորն ընտրվել է անօրինական:
 
«Դեռ որոշումը չենք ուսումնասիրել, քանի որ բավականին երկար որոշում է` մի քանի թերթի վրա: Կծանոթանանք ավելի մանրամասն՝ կմեկնաբանենք»,- ասաց Ալումյանը:
 
Նրա հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը և մեղադրող կողմը որոշումից հետո որևէ դիրքորոշում չեն հայտնել:
 
Ալումյանը նշեց, որ իրենք չենք կարող չշարունակել աշխատել այս դատարանի հետ, քանի որ նույնիսկ բոյկոտելու դեպքում դատարանը հարցը քննելու է ու որոշումը կայացնելու է:
 
Նոյեմբերի 27-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում հետաձգվեց` դատավոր Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկի միջնորդությունը պատրաստելու նպատակով: Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները:
Աղբյուր՝ Լուրեր.com
Like this post? Please share to your friends: