charset="UTF-8"> Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն ընտրվել է վիճակահանությամբ. պաշտպանը՝ ինքնաբացարի պատճառի մասին

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն ընտրվել է վիճակահանությամբ. պաշտպանը՝ ինքնաբացարի պատճառի մասին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները քիչ առաջ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին Քոչարյանի կալանքի հարցը քննող դատավոր Ռուբեն Մխիթարյանին։

Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ դատավոր Ռուբեն Մխիթարյանը օրենքի ուժով ստեղծված դատարան չէ: Փաստաբանի խոսքով՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանը որպես Քոչարյանի խափանման միջոցը քննող դատավոր է ընտրվել վիճակահանությամբ, ինչպիսի կարգ օրենքով սահմանված չէ. ըստ Ալումյանի՝ դատավորի ընտրությունը պետք է համակարգչի միջովով լիներ:

«Մենք դատարանից պահանջեցինք վիճակահանության արձանագրությունը, դատավորն ասաց, որ արձանագրություն չկա, իսկ դատարանի կազմը որոշվել է պատահականության սկզբունքով և դատարանների ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով», – ասաց Հայկ Ալումյանը:

Դատարանը պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի այսօր՝ ժամը 17:00–ին։ Նշենք, որ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում մեկնարկել է երեկ՝ նոյեմբերի 27-ին:

Երկրորդ նախագահ Ռոբորտ Քոչարյանի խափանման միջոցի գործով երեկ ընդմիջված դատական նիստը վերսկսվել է: Քոչարյանի պաշտպաններն այսօր պետք է դատավոր Ռուբեն Մխիթարյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեին, և դատարանը նրանց ժամանակ էր տվել միջնորդությանը պատրաստվելու համար: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն ու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատարան են գալիս ոչ թե գլխավոր մուտքով, այլ փակ գոտով: Այսօր գլխավոր դատախազը դեռևս չի եկել նիստին, սակայն հայտնել է, որ ներկայանալու է: Վերջինս երեկ նիստին ներկայացել ու հեռացել է փակ գոտով:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, քննում էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ դատախազության կողմից ներկայացված բողոքը:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Քոչարյանն ազատ է արձակվել:

Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

Աղբյուր՝ hetq.am

Like this post? Please share to your friends: