charset="UTF-8"> Ռոբերտ Քոչարյանը, «սատանայի փաստաբանն» ու հին գաղտնալսումը

Ռոբերտ Քոչարյանը, «սատանայի փաստաբանն» ու հին գաղտնալսումը

Հայտնի է դարձել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարձել է բրիտանացի փաստաբան՝ Էդվարդ Ֆիցջերալդ: Իր հայրենիքում նա ունի «սատանայի փաստաբան» բնորոշումը, քանի որ ստանձնել է բավական վատ հանրային վարկ ունեցող մի շարք անձանց աղմկոտ գործերով պաշտպանությունը: Նա արտահանձնման եւ վերաքննիչ բողոքի մասնագետ է:

Նրա ներգրավումը երկրորդ նախագահի պաշտպանության գործին տալիս է մեկ այլ բնորոշում հիշելու առիթ: Այս անգամ խոսքը Ռոբերտ Քոչարյանի բնորոշման մասին է, որ նա 2006 թվականին տվել էր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հայտնվեց Արթուր Բաղդասարյանի եւ բրիտանացի դիվանագետի թեյախմության գաղտնալսումը: Դրա ընթացքում Աթուր Բաղդասարյանը բրիտանացի դիվանագետին հայտնել էր ընտրակեղծարարության նկատմամբ կոշտ վերաբերմունքի ակնկալիք, ասելով, որ պետք չէ հանդուրժել ընտրության կեղծիքը:

Դա 2007 թվականի խորհրդարանի ընտրությունից առաջ էր: Իսկ այդ ընտրությունը հատկանշական էր մի շարք առումներով, կապված իշխանության անցման անհրաժեշտության հետ, որը պայմանավորված էր Ռոբերտ Քոչարյանի նախագահական երկրորդ ժամկետի ավարտով, որից հետո նա չէր ունենալու առաջադրվելու նոր հնարավորություն:

Ռոբերտ Քոչարյանը բրիտանացի դիվանագետի հետ թեյած եւ ընտրակեղծիքի հանդեպ կոշտ վերաբերմունք ակնկալած Արթուր Բաղդասարյանի արարքը գնահատեց որպես դավաճանություն:

Մինչդեռ, Արթուր Բաղդասարյանը խորքային առումով չէր արել ավելին, քան Ռոբերտ Քոչարյանը: Քոչարյանն իհարկե ունի իր պաշտպանության համար օտարերկրացի, տվյալ դեպքում բրիտանացի փաստաբան ներգրավելու օրինական իրավունք: Նա փորձում է պաշտպանել իր շահը եւ դրա համար անում այն, ինչ արգելված չէ օրենքով:

Բայց Արթուր Բաղդասարյանն էլ կարծես թե չէր արել օրենքով արգելված որեւէ բան: Ի վերջո, ընտրության գործընթացի միջազգային դիտարկում անելու համար Հայաստանի իշխանությունն ինքն էլ մշտապես դիմել է օտարերկրյա դիտորդների: Պարզապես իշխանությունը նրանց չի հորդորել անհանդուրժող լինել եւ աչք չփակել ընտրակեղծիքի հանդեպ, իսկ Արթուր Բաղդասարյանը բրիտանացի դիվանագետի հետ զրույցում հայտնել էր այդպիսի ակնկալիք:

Այսինքն, նա էլ փորձել էր իր շահի պաշտպանության համար ակնկալել բրիտանացու օգնություն, պարզապես ոչ թե փաստաբանի, այլ դիվանագետի, բայց առանց որեւէ անօրինական բաղադրիչի: Ավելին, անօրինականությունը եղել էր այն, որ զրույցը գաղտնալսվել էր:

Ի դեպ, ներկայիս ժամանակահատվածի համեմատ եւս մի ուշագրավ զուգադիպում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Like this post? Please share to your friends: