charset="UTF-8"> Որևէ թեկնածու վերին արտի ցորենը չէ

Որևէ թեկնածու վերին արտի ցորենը չէ

Մեր զրուցակիցն է երգիչ-երգահան Արմեն Մովսիսյանը, ով վերջին տարիներին բնակվում է Միացյալ Նահանգներում

Պարոն Մովսիսյանորքան էլ նախընտրական շրջանում կոչ էիք անում բանավեճեր անցկացնել, սակայն դա անհնար է թվում այս փուլում։ Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց Հայկ Մարությանին չթաքնվել Նիկոլ Փաշինյանին հետևում և գալ բանավիճելու։ Ի պատասխան՝ Հայկ Մարությանն արձագանքեց, որ կբանավիճի բոլոր թեկնածուների հետ միաժամանակ։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ այս անգամ նույնպես չկայացավ բանավեճը։

Ես Հայկ Մարությանի հետ համամիտ եմ։ Որևէ թեկնածու վերին արտի ցորենը չէ, որ միայն մեկի հետ պետք է նստել, բանավիճել։ Ի վերջո, 12 թեկնածուներ կան։ Բացի այդ, պետք է արձանագրենք, որ մեզանում նախընտրական քարոզարշավի մշակույթը կորսված է։ Եվ քանի որ անօրեն ժամանակներ ենք ապրել, այդ ամենը ֆարս է եղել և ոչ իրականություն, դրա համար անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի նախընտրական քարոզարշավն էլ դառնա մշակույթ։ Եվ երբ թեկնածուներից մեկը իր տեսակետն է հայտնում, պետք է փորձի չվիրավորել իր ընդդիմախոսին, այսինքն՝ քարոզարշավը չդառնա դիմացինի վրա ցեխ շպրտելու արշավ, որը, ցավոք սրտի, այս անգամ էլ չբացառվեց։ Ժամանակ է պետք, որ դեբատների մշակույթ ձևավորվի, ոչ թե մտածել՝ ինչպես սևացնել դիմացինին, այլ մտածել ինչպես ներկայացնել սեփականը՝ առանց մյուս թեկնածուներին վարկաբեկելու։

Այնուամենայնիվ, ունե՞ք տպավորություն, որ Երևանի խնդիրները այդպես էլ չդարձան քննարկման առարկա։

Այո, կա նման բան։ Եվ Երևանի քաղաքապետի ընտրությունները չպետք է դիտարկվեին որպես քաղաքական ընտրություն, այլ պետք է լիներ այն գիտակցությունը, որ ընտրում ենք քաղաքի մենեջեր։ Բայց այսօր Երևանի քաղաքապետ վարչակազմի համար նաև քաղաքական հենարան է, իսկ ուժերը, որոնք լավ աչքով չեն նայում այն քայլերին, որ փորձում է անել Նիկոլ Փաշինյանը, պետք է հասկանան, որ գոնե առաջիկա մեկ-երկու ընտրությունները, ուզենք թե ոչ, պետք է լինեն քաղաքականացված։ Հույս ունեմ, որ մենք բամբասանքից, չարախոսությունից այն կողմ, հասկանում ենք հարցի իրական խորությունը, որ սա նաև ձգտում է հենարան ունենալ քաղաքապետին, որը դեռ շատ ակտիվ նախորդների պարագայում ուղղակի անհրաժեշտ քայլ է։ Եվ պատահական չէ, որ Նիկոլն այսքան ակտիվ մասնակցում է քարոզարշավին։ Ես ընկալում եմ նպատակը։ Դիմացը ուղղակի մի օլիգարխիկ մասսա է, որոնք, չմոռանանք, որ ունեն երկրից թալանած հսկայական կապիտալ և որը փորձելու են աշխատեցնել ի վնաս հեղափոխության, ՀՀ-ի և ի վնաս վարչապետի:

Կարծում եք՝ հենց դրա համա՞ր է պետք տանել համոզիչ հաղթանակ, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը։

Այո, ժողովրդի վստահության քվեն, ժողովրդի մանդատը հիմա Նիկոլ Փաշինյանը վերածում է նաև ընտրություններով հաստատելու մանդատի օրինական ուժի, և ինձ թվում է՝ սա կլինի ԱԺ ընտրություններից առաջ առաջին քայլը: Իհարկե, ԱԺ ընտրություններին դարձյալ վերահաստատվելու է ստացած մանդատը։ Եվ միայն այդ ժամանակ իշխանությունն իրեն կզգա իրապես նաև օրենքով հզոր և դա արդեն անդառնալի կդարձնի գործընթացները և երկիրը թալանած անձնավորությունների հետդարձի նույնիսկ ամենափայփայած երազները:

Կարծում եք՝ դա՞ է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը սևերի և սպիտակների բաժանումը խորացրեց։

Սևերի և սպիտակների հարցը բարձրացրեց Հայկ Մարությանը։ Ցավոք սրտի, քանի որ հեղափոխությունն իսկապես փորձում է թավշյա անել իր քայլերը, ոմանք այդ թավշյան հասկանում են հետևյալ կերպ՝ դե հիմա թավշյա եղավ, կանցնի։ Դրանից նրանք երես են առնում, մտածում են՝ սա էլ մի թեթև քամի է։ Ես, օրինակ, կակնկալեի ավելի խիստ մոտեցում։ Պետք էր ժամանակավոր դատական համակարգի հարցը լուծվեր, որ այս բռնել-բաց թողնելու թեման չլիներ։ Վերջին հաշվով իսկապես ժողովրդի վստահությունը վայելող իշխանության հետ պետք է հաշվի նստել։ Եվ եթե դա չեն անում, իրենք սկսում են հակաքայլ՝ իրենց թալանածը պահելու համար, և պատահական չէ Քոչարյանի հայտարարությունը, թե Նիկոլը կփոշմանի, որ իր հետ գլուխ է դրել։ Սա նշանակում է, որ երկրի ներկայիս ղեկավարին նախորդ նախագահներից մեկը, որ հսկայական միջոցներ է յուրացրել ու սեփականացրել, նման բառապաշարով ահաբեկում է։ Այ սա է ավելի շատ անթույլատրելի ու վտանգավոր, քան սև և սպիտակների մասին ասվածը։ Այստեղ է, որ սաստել է պետք այդ տոնով իշխանության ղեկավարի մասին արտահայտվողին, ընդհակառակը, կասեի, որ Նիկոլը շատ փափուկ է։

Արտահերթ գործընթացները որքանո՞վ են հեռանում և որքանով են մոտենում, երբ խորհրդարանական ուժերը սկսում են սպառնալ, թե կմտածեն՝ արդյոք քվեարկե՞ն, թե ոչ արտահերթ ընտրությունների համար։ Ի պատասխան Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն ասել է, որ այն ժամանակ քվեարկել են ոչ թե ՔՊ-ի կամ Նիկոլ Փաշինյանի, այլ ժողովրդի օգտին։ Այս անգամ էլ հանրային ճնշմամբ Փաշինյանը կարողանալու է հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների՞։

Իհարկե, ես լիովին համաձայն եմ Լենայի հետ, որ սա ժողովրդի ընտրությունն է։ Չմոռանանք, որ մայիսի 2-ին իրենք մեկ անգամ փորձեցին ատամներ ցույց տալ, երբ հետո երկրորդ անգամ սրտի մեծ տագնապով քվեարկեցին Փաշինյանի օգտին: Ժողովուրդը վստահում և սիրում է վարչապետին, իսկ ով ինչքան էլ քննադատի, փորձի եղանակ ստեղծել վճարովի կամ սեփական լրատվամիջոցներով, ձախողվում են, քանի վարչապետը համակրելի քայլեր է անում, և ժողովրդի մոտ հիասթափության նշույլ անգամ չկա, կասեի հակառակը։ Հետևաբար ժողովուրդը կպարտադրի, որ լինեն արտահերթ ընտրություններ։ Ուղղակի կուզենայի, որ քաղաքապետի ընտրությունից հետո այդ գործընթացն արագանար։ Որովհետև ինչքան շուտ մենք ունենանք լեգիտիմ ԱԺ, այնքան շուտ մենք կունենանք տնտեսական կայունություն, օրինական դատական համակարգ, երկրի անվտանգության հարցն էլ է կանգնած։ Եվ այս ընտրությունները փորձաքար են, թե ինչպես կաշխատեն նոր ընտրական մեխանիզմները: Իսկ արտահերթի մասին, որպես անտեղի, անիմաստ համարող արտահայտվողները համոզված եմ անձնական շահագռգրվածություններ ունեն այդ հարցում: ժողովուրդը մեկ է պարտադրելու է իր կամքը ու վարչապետի նկատմամբ այս վստահության պաշարով արտահերթը ուղղակի անխուսափելի է:

Lragir.am

Like this post? Please share to your friends: