charset="UTF-8"> «Ճանապարհային ոստիկանների «կամերաները» հավաքել են. իրարանցում Վանաձորի գումարտակում»․ ոստիկանությունը պարզաբանում է

«Ճանապարհային ոստիկանների «կամերաները» հավաքել են. իրարանցում Վանաձորի գումարտակում»․ ոստիկանությունը պարզաբանում է

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է․««Հրապարակ» թերթն օրեր առաջ «Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները դժգոհ են իրենց աշխատանքային պայմաններից» վերնագրով հրապարակում էր արել, թե՝ ՃՈ Վանաձորի ստորաբաժանման ծառայողները բողոքներ ունեն ծառայության կապակցությամբ և այցելել են կենտրոնական վարչակազմ:

Ոստիկանությունը պարզաբանում էր հրապարակել՝ նշելով, որ նրանց կողմից բողոքներ ու այցելություններ վերջին օրերին չեն եղել:
Թերթում այսօր հերթական հրապարակում է թողարկվել՝ «Ճանապարհային ոստիկանների «կամերաները» հավաքել են. իրարանցում Վանաձորի գումարտակում» վերնագրով, որտեղ հեղինակը պնդում է նախկին «դիտարկումները» և նկատում, թե օգտվելով նրանից, որ իրենք չեն բացահայտում տեղեկատվության աղբյուրները՝ ոստիկանությունը կեղծ հերքում է հրապարակել:

Հայտնում ենք, որ նախ ոստիկանությունը աղբյուրը բացահայտելու պահանջ չի ներկայացրել, ընդամենը խորհուրդ ենք տվել հրապարակումներ պատրաստելիս տեղեկատվության համար դիմել իրազեկ կառույցներին, լսել բոլոր կողմերին և հարգել ընթերցողի իրազեկված լինելու իրավունքը: Ու քանի որ հոդվածագիրը արհամարհած ունի լրագրության այս իմպերատիվն ու էթիկայի պահպանման պահանջը՝ իրողությունը պարզաբանում ենք ոչ թե կրկնակի «հրապարակման» հեղինակի, այլ հանրության համար:

Կրկնում ենք. ՃՈ Վանաձորի ստորաբաժանումներում իրարարանցում, բողոքի ակցիաներ, այցելություններ կենտրոնական վարչակազմ և այլն, և այլն՝ չեն եղել, ստացվել է ընդամենը երկու դիմում, որոնք մերժվել են:
Մասնավորապես, այդ դիմումներից մեկը ներկայացրել էր ՃՈ երկրորդ սպայական գումարտակի նախկին ծառայող, կապիտան Սարգիս Հովսեփյանը, որը ստեղծված իրավիճակում ճիշտ չկողմնորոշվելու և վատառողջ քաղաքացուհուն՝ ավտոմեքենայով հանդերձ, հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու համար 2017 թ. նոյեմբերին ՀՀ ոստիկանության պետի հրամանով ազատվել էր ծառայությունից և ուղարկվել կադրերի ռեզերվ: Հետագայում Սարգիս Հովսեփյանն ու ծնողը նրան վերականգնելու խնդրանքով դիմել են ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին: Խնդրանքը հարգվել է. Սարգիս Հովսեփյանն իր համաձայնությամբ հունիսի 21-ին ծառայության է նշանակվել Վանաձորի ստորաբաժանումում: Իսկ տեղափոխման դիմումը մերժվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի հիմքով, այն է՝ ոստիկանության ծառայողն իր ցանկությամբ կարող է փոխադրվել այլ պաշտոնի և (կամ) ծառայության այլ վայր` ոստիկանության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:
Մասանավոր դեպքին այսքան մանրամասն անդրադարձանք հոդվածագրին ևս մեկ անգամ բացատրելու համար, որ փաստարկված հրապարակում պատրաստելու համար պետք է դիմել բոլոր աղբյուրներին, ոչ թե մեկ աղբյուրի «ինֆորմացիան» վերագրել բոլորին, ինչպես վարվել է իր աղմկոտ հոդվածում:

Բայց հոդվածագրի խնդիրը երևի իրազեկվելն ու իրազեկելը չէ, այլ իր խոսքով ասած՝ «իրարանցումը», հակառակ դեպքում բարի կլիներ «բանակ-ոստիկանություն» կարգի «համեմատություններ» հրապարակելուց առաջ ծանոթանալ, օրինակ, «Ոստիկանության մասին» ու «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքներին և կսովորեր, որ ոստիկանությունն, այո՜, բանակ չէ, բայց իրավապահ կառույց է, որի գործունեությունը օրենքով սահմանված իր առանձնահատկություններն ունի: Եթե հետևեր լրագրության տարրական կանոններին, կիմանար, որ հրապարակում պատրաստելիս ուսումնասիրում են ողջ դաշտը, ծանոթանում բոլոր փաստաթղթերին, լսում բոլոր կողմերին, ունենում առնվազն մի քանի աղբյուրներ, ինչը տվյալ դեպքում չի արվել. աչառության, թե անգիտության պատճառով՝ այլ խնդիր է:
Ամեն դեպքում, հոդվածագրին ու «իրարանցման» այլ սիրահարների կրկին սթափության, ջանադրության և իրական պրոֆեսիոնալիզմի կոչ ենք անում: Հանրությունը լրատվամիջոցներից իրականության ճշմարիտ դիտարկում, փաստարկում ու վերլուծություն է ակնկալում, ոչ թե կեղծ իրարանցում: Բարի եղեք հարգելու հանրության իրավունքն ու պահանջը»:
Իրավաբան.net

Like this post? Please share to your friends: