charset="UTF-8"> «Ձեր մասին պատմելն իմ հոգու պարտքն է». պոլսահայ լրագրողի նամակն Ազնավուրին

«Ձեր մասին պատմելն իմ հոգու պարտքն է». պոլսահայ լրագրողի նամակն Ազնավուրին

Պոլսահայ լրագրող Անժել Դիքմենը թուրքական Artıgerçek կայքում Շառլ Ազնավուրին ուղղված նամակի ձևով հոդված է հրապարակել, փոխանցում է Ermenihaber-ը:

Դիքմենը նշում է, որ թուրք ընկերներին Ազնավուրի մասին պատմելն իր համար հոգու պարտք է, քանի որ ոչ բոլոր թուրքերն են ընկալում Ազնավուրի մոտեցումները: Շատերը, ըստ Դիքմենի, մեկնաբանություններ են գրում, թե ինչո՞ւ պետք է հարգեն Ազնավուրի հիշատակը, չէ՞ որ նա Թուրքիայի թշնամին էր:

Պոլսահայ լրագրողն այս համատեքստում վերհիշում է իր և Ազնավուրի առաջին հանդիպումը.

«Առաջին անգամ Փարիզում Ձեզ տեսա՝ Կոմիտասի արձանի բացման արարողության ժամանակ: Երբ բազմությունը հեռացավ, Ձեզ մոտ եկա և սեղմեցի Ձեր ձեռքը: Ապրիլի 24-ն էր: Այդ օրը ցեղասպանության հիշատակին նվիրված քայլերթ կար: Սակայն Դուք չցանկացաք մասնակցել: Ասացիք, որ այն օրը, երբ Թուրքիան որպես պետություն ընդունի Հայոց ցեղասպանությունը, Դուք թուրք պաշտոնյաների հետ միասին կմասնակցեք քայլերթին: Վստահ էիք, որ ի վերջո ընդունելու են: Այս ժխտմամբ և ուրացմամբ կարծում էիք, որ թուրք երիտասարդների ճակատին բիծ են թողնում: Մինչդեռ համոզված էիք, որ Թուրքիայում լավ երիտասարդություն կա…»:

Անժել Դիքմենն այս առումով զուգահեռ է անցկացնում Հրանտ Դինքի հետ՝ ընդգծելով, որ չնայած Դինքն ի տարբերություն Ազնավուրի՝ թուրքերեն էր գրում և արտահայտվում, այնուամենայնիվ, ոչ բոլոր թուրքերն էին նրան հասկանում, նրան ներկայացնում էին որպես թուրքերի թշնամի: Եվ որպեսզի թուրքական շրջանակներում Ազնավուրն էլ չներկայացվի որպես թուրքերի դեմ ատելություն քարոզած, թուրքերին թշնամի համարած մի անձնավորություն, Դիքմենն իր հոգու պարտքն է համարում գրել և պատմել Ազնավուրի մասին իր թուրք ընկերներին:

Նա, ի պատասխան «ինչո՞ւ պետք է հարգենք Ազնավուրի հիշատակը, չէ՞ որ նա Թուրքիայի թշնամին էր» ասող թուրքերի, իր հոդվածում մեջբերում է Շառլ Ազնավուրի «Նամակ իմ թուրք բարեկամին» բանաստեղծությունը:

Like this post? Please share to your friends: