Հունից դուրս գալը նշանակում է՝ հակառակորդը հասել է իր նպատակին

«Տպավորությունն այնպիսին է, որ ՀՀԿ-ականները նախընտրական քարոզչության ժամանակ թրոլինգով են զբաղվում, դա չպետք է ուշադրության արժանանա: Նրանք ամեն ինչ անում են ներկայիս կառավարությանը հունից հանելու համար և, ցավոք սրտի, դա ստացվում է իրենց մոտ: Սա շատ ծանոթ երևույթ է: Իսկ «Իմ Քայլը» դաշինքի քարոզչությունը բոլորովին նորմալ է ընթանում»: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե որքանով է նախըտրական քարոզչության գաղափարի մեջ տեղավորվում այս երկու ուժերի հրապարակային «փոխհրաձգությունը»:

Քաղաքագետի համոզմամբ` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այնքան էլ չի շեղվում քարոզչության բաղկացուցիչ մասը կազմող ծրագրերից.«Այնպես չէ, որ նա ծրագրերը թողած այլ բանով է զբաղվում, նա խոսում է իր անելիքների մասին: Միայն աղմկոտ հայտարարություններն են դառնում քննարկման առարկա, որոնք ներկայացվում են պատմողական ոճով: Նախընտրական քարոզչության ժամանակ պետք է խոսել սեփական ծրագրերի մասին, և եթե կողքից լինեն ավել-պակաս խոսակցություններ, ապա պետք է անտեսել դրանք, քանի որ հունից դուրս գալու դեպքում ստացվում է, որ հակառակորդը հասել է իր նպատակին»:

 

Քաղաքագետը, ի տարբերություն շատերի, ոչ մի արտառոց բան չի տեսնում Նիկոլ Փաշինյանի ամենօրյա սպառնալիքների, ինչպես նաև ֆեյսբուքյան ստատուսներին պատասխանելու մեջ. «Դա նորմալ երևույթ է, չնայած, որ կարող է նաև չանել»:

Վերջում քաղաքագետն, ամփոփելով խորհրդարանական արտահերթ ընտրությունների  նախընտրական քարոզարշավի այս 4 օրերը, նշեց, որ դեռևս բնականոն հունով է ընթանում:

Աղբյուր՝ Լուրեր.com

Like this post? Please share to your friends: