Հարկավոր է փոքր ու միջին բիզնեսն ազատել հարկերից. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Աբովյանի բնակիչների հետ հանդիպմանը ելույթ ունեցավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Նա ընդգծեց, որ այսօր հիմնական խնդիրը Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելն է: «Մեր ժողովուրդը դրան սպասում է: Բոլորն էլ ուզում են լավ ապրել, ուզում են իրենց ընտանիքը լավ պահել: Այսօր անհրաժեշտ է տնտեսական հեղափոխությունը: Ես դա զգում եմ, և դրա հնարավորությունը կա»,- ասաց Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանը կարևորեց նաև մեր երկրում փոքր ու միջին բիզնեսի զարգացումը՝ ընդգծելով, որ դա պետության ողնաշարն է: ԲՀԿ առաջնորդը նշեց, որ հարկավոր է փոքր ու միջին բիզնեսն ազատել հարկերից, նրանց հնարավորություն տալ, որպեսզի աշխատեն:

Նա նաև նշեց, որ հարկավոր է ներդրումներ անել ոչ միայն տնտեսության, այլ նաև մյուս ոլորտներում՝ արվեստ, մշակույթ, կրթություն, գիտություն, սպորտ: «Տնտեսությունը զարգանում է առաջին հերթին գիտության հիման վրա: Չի կարող էժան ուժի աշխատանքի վրա տնտեսություն զարգանալ»,- նշեց Գագիկ Ծառուկյանը՝ ընդգծելով, որ տնտեսական աճը պետք է իր վրա առաջին հերթին զգա քաղաքացին։

Աղբյուր՝ Լրագիր.am

Like this post? Please share to your friends: