charset="UTF-8"> Հայտնի մարդկանց զավակները՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում

Հայտնի մարդկանց զավակները՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում

«Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկվել են հայտնի մարդկանց զավակներ։ Այսպիսով, ցուցակում են Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի որդին՝ Միքայել Զոլյանը, ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի որդին՝ Անդրանիկ Մալխասյանը։ «Իմ քայլ»–ում ընդգրկվել են նաեւ հայտնի մարզիկներ Առաքել Միրզոյանն ու Արսեն Ջուլֆալակյանը։ Ջուլֆալակյանը որպես անկուսակցական թեկնածու ՔՊ ցուցակի 57-րդ համարն է: Միրզոյանը նախկինում «Հանրապետական» կուսակցությունից է եղել, այժմ ՔՊ–ի ցուցակի 143–րդ համարն է, ներկայումս անկուսակցական։ 2 մարզիկներն էլ օլիմպիական չեմպիոնների որդիներ են: Արսեն Ջուլֆալակյանն Օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Լեւոն Ջուլֆալակյանի որդին է, իսկ Առաքել Միրզոյանը՝ օլիմպիական խաղերի չեմպիոն ծանրորդ Հոկսեն Միրզոյանի որդին։ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում նաեւ ամուսիններ կան. «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ցուցակի 3–րդ համարն է, իսկ ամուսինը՝ Նարեկ Բաբայանը՝ 38–րդ տեղում։ Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի ազգականները հայտնվել են ցուցակի նախավերջին համարներում։ 183 հոգանոց ցուցակի 181–րդ տեղում Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրն է՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, իսկ 182–րդում՝ Սիփան Փաշինյանն է, որը Նիկոլ Փաշինյանի եղբորորդին է։ 183 հոգանոց ցուցակում են նաեւ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը լքած Հայկ Կոնջորյանը։ Ցուցակում է Մարտի 1–ի փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը, քաղաքագետ Հովհաննես Իգիթյանը, մարկետինգի մասնագետ Էդգար Առաքելյանը։ «Իմ քայլի» ցուցակում են նաեւ Հանրապետական խմբակցությունն ամիսներ առաջ լքած Շիրակ Թորոսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը։

Like this post? Please share to your friends: