ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցներում պատասխանեց Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր, քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարություններին: Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, թե Սերժ Սարգսյանի և նրա փեսայի բարեկամները ներգրավված են Իմ քայլը դաշինքի ցուցակում:
Նա նշեց,որ իրենց ցուցակում կա Միքայել Հասրաթյան անունով թեկնածու, ով ոչ մի կապ չունի Միքայել Մինասյանի բարեկամների հետ: «Տիկին Զոհրաբյանը նշեց մեկ անձի մասին, ով իբր Զորի Բալայանի բարեկամն է, մենք պատկերացում չունենք ում մասին է խոսքը: Եվ ևս մեկ հոգի՝ հավանաբար Վիկտոր Մնացականյանի մասին է խոսքը, ով Միքայել Մինասյանի սանիկն է: Ուզում եմ հատուկ նշել, որ Վիկտոր Մնացականյանը հեղափոխության օրերին շատ ակտիվ մասնակցել է ճանապարհ փակելուն, և դրա մասին կան նույնիսկ տեսանյութեր: Հայտնի ակցիան, որը վերաբերում էր գորգերով ճանապարհ փակելուն, իրականացրել էր նա Աբովյան փողոցում»,- ասաց Լենա Նազարյանը:
Նա նշեց, որ Ծառուկյան դաշինքն ապրիլի 17-ին 9 պատգամավորով կողմ է քվեարկել Սերժ Սարգսյանի վարչապետությանը: Այդ կուսակցությունը նաև մի քանի անգամ կոալիցիայի մեջ է եղել ՀՀԿ հետ: «2008 թվականի մարտի 21-ին, մարտի մեկից քսան օր հետո, տիկին Զոհրաբյանը կողմ է քվերակել Երևանում մարտի մեկին հատուկ դրություն մտցնելու ԱԺ որոշմանը: Բազում տեսանելի և անտեսանելի կոալիցիաների մեջ է գտնվել ԲՀԿ-ն: Եվ այս ամենից հետո իրենք մեզ իհչ-որ մեղադրանքներ են ներկայացում ՀՀԿ-ի համագործակցության մասով»,- ասաց Լենա Նազարյանը:
«Միաժամանակ, կարծում եմ, մենք բոլորս պետք է արձանագրենք տիկին Զոհրաբյանի այն ասածը, թե Ռոբերտ Քոչարյանն իրենց համար գոյություն չունի, Սերժ Սարգսյանն իրենց համար գոյություն չունի: Եվ ես հուսով եմ, որ այս հերթական հայտարարությունը՝ արված իրենց կողմից, արդեն վեջնական է»,- հավելեց Ելք խմբակցության ղեկավարը: