Ինչո՞ւ են Լուկաշենկոն և Նազարբաևն այսպես վարվում Փաշինյանի հետ

168.am-ի փոխանցմամբ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին , թե ի՞նչ կարելի է սպասել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումից, արդյո՞ք Հայաստանի ներկայացուցիչը կդառնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար՝ հաշվի առնելով ՀԱՊԿ ներսում առկա լարվածությունը։
«Կա երեք տարբերակ. առաջին՝ կնշանակվի Հայաստանի թեկնածուն՝ Վաղարշակ Հարությունյանը, երկրորդ՝ Բելառուսի թեկնածուն, երրորդ՝ ոչ ոք չի նշանակվի, և կմնա Ռուսաստանի ներկայացուցիչը։ Քիչ հավանական է, որ կընտրվի Հայաստանի թեկնածուն։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը ընտրություններից երկու օր առաջ կհամաձայնի, որ Բելառուսի թեկնածուն ընտրվի, նորից քիչ հավանական է։ Որ Նազարբաևն ու Լուկաշենկոն համաձայնեն հայ թեկնածուի ընտրությանը, հնարավոր է, որովհետև Խաչատուրովի դեպքում այդպես էլ եղել է, բայց իրավիճակն այլ էր, երկրորդ՝ ամեն ինչ բանակցային գործընթացում էր տեղի ունենում, այսպես բացահայտ չէր, երրորդ՝ Ռուսաստանն է համոզել այդ երկրներին, ոչ թե Հայաստանը, և փոխարենն ինչ-որ բան է տվել»,- ի պատասխան՝ ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նա նշեց, որ այն, ինչ արդեն կատարվել է, կարելի է շախմատային տերմինով ցուգցվանգ կոչել. «Ինչպես էլ վարվես՝ ավելի վատ է լինելու։ Տեսեք՝ կերարաձգվի ռուս թեկնածուի պաշտոնավարումը, իսկ հետո ի՞նչ. ստիպված ենք լինելու համաձայնել Բելառուսի թեկնածուին։ Կամ 2020թ. ի՞նչ է լինելու. այդ ժամանակ ընտրություններ չեն լինելու, Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն էլ նույնը չի լինելու։ Ներսի և դրսի ընկալումներում ասիմետրիան տարբեր են. ելնելով ներքին քաղաքականությունից՝ շատ բաներ չես տեսնում, օրինակ՝ Հայաստանում տեղի են ունեցել փոփոխություններ, և ամբողջ աշխարհը պետք է ճանաչի դրանք, բայց ամբողջ աշխարհը չի ճանաչում։ Լուկաշենկոն ինչո՞ւ է այսպես վարվում. Լուկաշենկոն միշտ է այսպես վարվում, դա Լուկաշենկոյի քաղաքական պահվածքի ձևն է՝ ՀԱՊԿ ներսում Ռուսաստանի և Ղազախստանի հետ հարաբերություններում։ Ոչ մի նոր բան չկա։ Նազարբաևն էլ է միշտ այնպես վարվում, ինչպես հիմա։ Դա ուղղակի որակով կատարված տնային աշխատանքի մասին խոսակցություն է, այն մասին է, թե ինչ ուղղումներ են ներդրվում մարդու մոտ՝ ինքնաթիռում, մինչև նա կմեկնի բանակցությունների»։

Like this post? Please share to your friends: