«Ի՞նչ հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ գող: Անձամբ գալու եմ ձեր հետևից, վզներիցդ բռնած դուրս եմ շպրտելու»

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքում նախընտրական հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական գյուղապետերին ու քրեական հեղինակություններին նախազգուշացրեց, որ ընտրական գործընթացների վրա ազդեցություն ունենալու դեպքում կպատժվեն:

“Եթե Հայստանում կա գյուղապետ, որը քաղաքացիներին ընտրության կամ այլ առիթով կփորձի վախեցնել, ես անձամբ գալու եմ ձեր հետևից, վզներիցդ բռնած դուրս եմ շպրտելու ձեր կաբինետներից”,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը հարցադրում արեց՝ ո՞նց էս երկրում մարդ կա, որը համարձակվում է քաղաքացուն վախեցնել: “Տո այո, բոլորիդ կպառկացնենք ասֆալտներին, բոլորիդ: Էս ովքե՞ր են սրանք, ի՞նչ հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ հաստավիզ, ի՞նչ մուսկուլավոր, բոլորիդ կպառկացնենք ասֆալտներին, և տարիներով վեր չեք կենա էդ ասֆալտների վրայից”,- նախազգուշացրեց նա:

Փաշինյանը նշեց, որ ոստիկանությանը հանձնարարում է՝ չփորձի որևէ մեկը թպրտալ: “Չփորձի որևէ հանցավոր տարր, գող կլինի, ավտարիտետ կլինի, պատերով կտանք բոլորիդ, պատերով: Վախեցրել են քաղաքացուն, ովքե՞ր էք դուք, հլա մի հատ ձեր անուն ազգանուններն ասեք, ովքե՞ր եք դուք, ծակերից պիտի դուրս չգաք: Դուք էս փողոցներում չպետք է քայլեք, ձեր տեղը բանտերում ա, ու դուք հայտնվելու եք բանտերում բոլորդ, գողեր, թալանչիներ, ստահակներ”,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ այս ընտրություններում օրենքով գող կլինի, կրիմինալ ավտարիտետ, թե ով,  չպետք է փորձի ժողովրդին որևէ հարկադրանքի ենթարկել:

“Հանրապետական կամ այլ կուսակցության գյուղապետեր, նստեք ձեր կաբինետներում ու արեք ձեր ամենօրյա աշխատանքը: Չփորձեք որևէ քաղաքացու ասել, թե նա ում պիտի ընտրի: Քաղաքացին գիտի ում պիտի ընտրի և իր ընտրությունը կկատարի”,- հայտարարեց նա:

Աղբյուր՝ Լրագիր.am

Like this post? Please share to your friends: