charset="UTF-8"> «Երջանիկ եմ, որ հայ ազգի համար Սիմոնի նման որդի եմ մեծացրել»․ Լուսինե Մարտիրոսյան

«Երջանիկ եմ, որ հայ ազգի համար Սիմոնի նման որդի եմ մեծացրել»․ Լուսինե Մարտիրոսյան

«Զվարթնոց» օդանավակայանում ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականին դիմավորելու էր եկել նաեւ աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի մայրը՝ Լուսինե Մարտիրոսյանը: Նրանից տեղեկացանք, թե ինչ զգացումներ ունի աշխարհի չեմպիոնի մայրը:

-Տիկին Լուսինե, շնորհավորում ենք ձեր որդու փառահեղ հաղթանակի առիթով:

-Շնորհակալություն: Սիմոնի հատկապես այս հաղթանակը, վստահ եմ, շատ ուրախացրեց մեր ժողովրդին: Ուրախ եմ, որ հայ ժողովրդի համար կարողացել եմ այդպիսի զավակ մեծացնել: Շնորհակալ եմ պարոն Ծառուկյանին իր կատարած աշխատանքի համար, Սիմոնի անձնական մարզիչ Աշոտ Փիլոսյանին, որ շատ մեծ դեր է կատարել տղայիս կայացման գործում, Փաշիկ Ալավերդյանին, Վիգեն Խաչատրյանին, բոլոր նրանց, ովքեր միշտ ու ամեն հարցում տղայիս հետ են:

-Ասում են, որ Սիմոնի մրցելույթներին չեք հետեւում:

-Ճիշտ են ասում: Բայց Աստված եմ կանչում, որ անվնաս մասնակցի ու ծանրաձողը բարձրացնի: Աստված միշտ նրա հետ է:

-Երբ մեկնում էր Աշգաբադ, ի՞նչ ասացիք նրան:

-Առաջինն առողջություն եմ մաղթել, անփորձանք մասնակցություն ու վերադարձ: Ասացի հավատում եմ՝ կապացուցի աշխարհին, որ կա մի ազգ, որն ունի այսպիսի ուժեղ զավակներ:

-Որպես աշխարհի արդեն լիարժեք չեմպիոնի մայր, ի՞նչ զգացումներ ունեք:

-Երջանիկ եմ ու ցանկանում եմ, որպեսզի բոլոր մարզիկների մայրերը նույնպես այսպիսի երջանկություն ապրեն:

-Ձեր մյուս զավակն էլ արդեն ճանաչված ծանրորդ է:

-Արսենս եղբորից ոչնչով պակաս չէ: Մարզիչները նրանից էլ սպասելիքներ ունեն: Նրա մոտ էլ ամեն բան լավ կլինի: Երկու եղբայր պիտի ապացուցեն, որ կարող ուժ են հայ ազգի համար:

-Եթե մի օր Սիմոնն ու Արսենը նույն քաշային կարգում իրար հետ մրցեն, ո՞ւմ ավելի շատ կերկրպագեք:

-Երկուսին էլ: Տարբերություն չկա. թող մեկն առաջինը լինի, մյուսը՝ երկրորդը: Ափսոս, որ ծանրամարտում երկու առաջին տեղ չկա:

-Չնայած ձեր տղաների ելույթներին չեք հետեւում, բայց հավանաբար ծանրամարտի կանոններից գլուխ հանում եք: Աշգաբադում Սիմոնի երրորդ մոտեցումը պոկում վարժությունում մրցավարները չգրանցեցին: Ճի՞շտ վարվեցին:

-Ոչ: Սիմոնը քաշը բարձրացրել էր: Մրցավարները սխալ վարվեցին:

Աղբյուր՝ aravot.am

Like this post? Please share to your friends: