«Այս մասին ես առաջին անգամ եմ պատմում». Դավիթ Շահնազարյանը՝ Մարտի 1-ի դեպքերի մասին

armdaily.am-ին տված հարցազրույցում Դավիթ Շահնազարյանը խոսելով Մարտի 1-ի դեպքերի մասին, ասել է. «Մարտի 1-ի առավոտյան դեպքերի ժամանակ ես Ազատության հրապարակում չեմ եղել, հետո ես ուղղակի տեղեկություն ստացա, որ Ֆրանսիական դեսպանատան դիմաց ժողովուրդը հավաքված է, և անմիջապես գնացի այնտեղ։ Իմիջիայլոց, ասեմ, որ ողջ նախընտրական շրջանում և այդ օրերին էլ ես ընդդիմադիր թեկնածուների որևէ նախընտրական շտաբում ընդգրկված չեմ եղել։ Ինչևէ, երբ ես տեղ հասա, տեսա վիրավորված ցուցարարների ու ոստիկանների, որոնք արդեն կորցրել էին իրենց վահանները, բայց այդ պահին արդեն բախում չկար։

Այդտեղ ինձ մոտեցան 2 գեներալներ, որոնց ես ճանաչում էի՝ փոխնախարար Սաշիկ Աֆյանը և 6-րդ վարչության պետ Աշոտ Գիզիրյանը. Տեր-Պետրոսյանի շտաբից բացարձակապես ոչ մեկը չկար, ովքեր ինձ ասացին, որ գնանք Մատենադարանի մոտ հավաք անենք։ Այնտեղ ոստիկանական 2 շղթա կար, և ես պահանջեցի մեկը հանել, որ բախում չսկսվի, ինչը և արվեց։ Եվ երբ հավաքված ժողովուրդը բորբոքված էր, ու բարձրախոսներ ու տեխնիկա էլ չկային, ոչնչացված էին, միակ բանը, որ մնում էր անել, քայլելն էր։

Դա շատ պարզ տրամաբանություն էր։ Եթե կա հավաքված ժողովուրդ, և բարձրախոս էլ չկա, միակ բանը երթ անելն էր։ Սա նաև 88-ից եկած հսկայական հանրահավաքային փորձառությունն էր ասում։ Այդտեղ էր նաև «Ղարաբաղ» կոմիտեի իմ ընկերներից մեկը, ով նույնպես ասաց, որ ուրիշ ելք չկա։ Այդ պահին հայտվեցին Լևոն Տեր-Պետրոսյանի անդամներն ու արգելեցին երթ անել և ասացին, որ իրենք ուրիշ որոշում ունեն։ Այդ ժամանակ ես Աֆյանին ու Գիզիրյանին ասացի, որ խոսակցությունը շարունակեն նրանց հետ։

Դրանից հետո ողջ օրը ես իմ մտերիմների հետ շրջել եմ այնտեղ, և արդեն երեկոյան մեծ քանակի ալկոհոլով մարդիկ սկսեցին անցնել այդտեղով, մենք մեծ շղթա կազմել տվեցինք, և միայն 200 շիշ բարձրակարգ կոնյակ մենք ենք այնտեղ ոչնչացրել։ Սա է, ինչին ես ականատես եմ եղել, և, ի դեպ, այսքան մանրամասնորեն ես առաջին անգամ եմ խոսում այս մասին»:

Like this post? Please share to your friends: