charset="UTF-8"> ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերը խոսեցին սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին

ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերը խոսեցին սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին

«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության որոշ դրույթներում փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին նա ասաց Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում նախընտրական մեծ բանավեճի ժամանակ:

«Մասնավորապես, մենք կարծում ենք, որ սահմանադրության որոշ դրույթներ, որոնք սահմանափակում են սփյուռքի կադրային ներուժը Հայաստանի կադրային համակարգում ներգրավելուն, պետք է փոփոխությունների ենթարկվեն: Կարևոր է նաև ստեղծել հակակշիռների ու փոխզսպումների մեխանիզմ»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց՝ այո, հայտարարել է, որ այս կառավարման համակարգը սուպերվարչապետական կառավարման համակարգ է, այն իշխանությունը, որը կենտրոնացած է վարչապետի ձեռքում, պետք է բալանսավորվի: «Բայց դա պետք է արվի այնպես, որ իշխանության բուրգը չկազմալուծվի»,- ասաց «Իմ քայլը» դաշինքի առաջատարը:

«Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը նշեց. «Այն խոստումներն ու սկզբունքները, որոնց համար մենք փողոց դուրս եկանք, պետք է կատարվեն, և սահմանադրության նշանակալի կետեր պետք է փոփոխության ենթարկվեն: Ընտրական օրենսգիրքը, կուսակցությունների մասին օրենքը պետք է փոխվեն»:

«Սասնա ծռեր» կուսակցությունը ներկայացնող Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ պետք է ոչ թե սահմանադրական փոփոխություններ արվեն, այլ ընդունվի նոր սահմանադրություն: «Դա նաև Արցախի միացմամբ նոր հանրապետություն հիմնադրելու հայեցակարգից է բխում: Այդ նոր սահմանադրությունը պետք է լինի համաժողովրդական մասնակցությամբ»,- շեշտեց թեկնածուն:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Էդմոն Մարուքյանը նկատեց, որ առանց սահմանադրությունը փոփոխության ենթարկելու, խորհրդարանը կարող է փոփոխության ենթարկել այն օրենքները, որով վարչապետի լիազորությունները դարձել են սուպերվարչապետական: «Կառավարության կառուցվածքի մասին օրենքը պետք է փոփոխության ենթարկվի, բոլոր մարմինները, որոնք դուրս են խորհրդարանի վերահսկողությունից պետք է վերադարձվեն խորհրդարանական վերահսկողություն: Մենք կարող ենք հունվարից սկսած շատ արագ համակարգը վերափոխել»,- ասաց Մարուքյանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցության ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանի գնահատականով՝ կարևորագույն ձեռքբերումներից է Հայաստանում անցումը խորհրդարանական կառավարման համակարգի: «Եթե որևէ մեկի մտքով անցնի խորհրդարանական համակարգը տանել դեպի սուպերնախագահական համակարգի, մենք այդտեղ դեմ ենք լինելու մինչև վերջ: Այո, սահմանադրությունը պետք է փոխել այնպես, որ վարչապետի  լիազորությունները պակասեն՝ այնպես, որ մարդկանց մոտ տպավորություն չառաջանա, որ վարչապետը փոխարինում է կառավարությանը, ամեն նախարար ունենա հստակ լիազորություններն ու պատասխանատվությունը»:

Աղբյուր՝  Լուրեր.com

Like this post? Please share to your friends: