Պուտին-Փաշինյան ուշագրավ զրույցը. աննախադեպ որոշում

ՀԱՊԿ Վեհաժողովը հետաձգելու վերաբերյալ ՌԴ նախագահ Պուտինի առաջարկը, որի մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը, աննախադեպ է: Փաշինյանը հայտարարել էր, որ Պուտինն առաջարկել է հետաձգել Սանկտ-Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին սպասվող ՀԱՊԿ հավաքը, որտեղ քննարկվելու էր կազմակերպության Գլխավոր քարտուղարի հարցը: Ըստ ՌԴ նախագահի՝ ինչպես ներկայացրել է Փաշինյանը, քանի որ չի լինի կոնսենսուս, ավելի լավ է հետաձգել Վեհաժողովը:

Հետաքրքիր է, որ հետաձգվում է ոչ թե գլխավոր քարտուղարի հարցը, այլ Վեհաժողովը: Մի՞թե Վեհաժողովը չուներ քննարկելու այլ հարցեր: Ի վերջո, այդ հանգամանքը առավել հետաքրքիր է ԳՔ պաշտոնում Խաչատուրովի նշանակման պատմության ֆոնին: Այդ հարցում էլ մոտ մեկ տարի եւ ավելի չկար կոնսենսուս: 2015 թվականի դեկտեմբերից էր խոսվում քվոտան Հայաստանին հատկացնելու մասին, բայց հարցը լուծվեց միայն 2017-ի մարտին:

Սակայն Վեհաժողովից Վեհաժողով տեղափոխվում էր նշանակման հարցը, ոչ թե Վեհաժողովն էր հետաձգվում:

Այդ հանգամանքը թերեւս շատ էական է եւ վկայում է, որ իրականում ՀԱՊԿ-ում ներկայիս իրավիճակի առումով ԳՔ պաշտոնի հարցը առիթ է, իսկ խնդիրը ունի շատ ավելի խորքային բնույթ, եւ այդ պաշտոնի, նշանակման, քվոտայի շուրջ հյուսված է ներքին դաշինքային հարաբերությունների հարցերին վերաբերող մի ամբողջ գործընթաց, որ նախաձեռնել է Հայաստանն իր դիրքորոշման եւ նոր մոտեցումների շնորհիվ:

Այստեղ է իրավիճակի աննախադեպությունը, այդ մասշտաբում, եւ դա է պատճառը, որ հետաձգվում է ոչ թե ԳՔ հարցը՝ ինչպես Խաչատուրովի նշանակման դեպքում էր մեկ տարի եւ ավելի, այլ Վեհաժողովն է հետաձգվում:

Երեւանը ստեղծել է մի վիճակ, երբ սեղանին այլեւս ՀԱՊԿ ռազմա-քաղաքական բնույթի խնդիրն է, ու հատկանշական է նաեւ Պուտինի պահվածքը՝ Վեհաժողովը հետաձգելու մասով:

Դեռեւս արտահերթ ընտրության պաշտոնական քարոզչությունից առաջ լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում առկա վիճակում ՌԴ կեցվածքը, Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ այն գնահատում է կառուցողական: Ռուսաստանը նոր իրավիճակում հետաքրքիր դիրքում է:

Թվում է, կամ ավելի շուտ կա Հայաստանում տարածված կարծիք, թե ՀԱՊԿ-ում ամեն ինչ ի վերջո որոշում է Ռուսաստանը, եւ եթե Մոսկվան կամենա, ապա Բելառուսին ու Ղազախստանին կստիպի ճանաչել քվոտան շարունակելու Հայաստանի իրավունքը:

Խոշոր հաշվով իհարկե հասկանալի է, որ ՀԱՊԿ-ում վճռորոշ ձայնը, ամենածանրակշիռ ձայնը Ռուսաստանինն է: Սակայն թյուրընկալում կամ միամտություն է կարծել, թե Ռուսաստանը կարող է ցանկացած բան պարտադրել Բելառուսին ու Ղազախստանին: Ի վերջո, ցանկացած հարց ունի գին եւ ըստ այդմ Ռուսաստանը պետք է որոշի, իսկ արժե՞ վճարել այդ գինն օրինակ ԳՔ հարցում:

Մյուս կողմից, իսկ Հայաստանին արդյոք պետք է, որ Ռուսաստանը Բելառուսին ու Ղազախստանին վճարի բարձր գին հայկական քվոտան պահելու համար, երբ Մոսկվայից կարեւոր գին կարող է ուզել Հայաստանը՝ ներկայիս իրավիճակում Ռուսաստանին Բելառուսի եւ Ղազախստանի նկատմամբ ավելի անկաշկանդ լինելու հնարավորություն ընձեռնելու համար:

Երեւանը ներկայում ՀԱՊԿ-ում առերեսել է բոլորին, դուրս գալով բոլորը բոլորի դեմ հարցեր լուծելու այսպես ասած ամենահարմար թիրախ կամ վարժասարք լինելու կարգավիճակից: Ակնառու է, որ այդ իրավիճակից դժգոհ չէ նաեւ Մոսկվան, այլապես Պուտինը Փաշինյանից չէր հայցի Վեհաժողովը հետաձգելու որոշման հավանություն:

Ստեղծվել է իրավիճակ, երբ ՀԱՊԿ շուրջ ձեւավորվել է հայ-ռուսական շահ եւ դրա գեներացման ուղղությամբ աշխատանքի հնարավորություն, եւ այդ իրավիճակը ստեղծվել է Հայաստանի ինքնիշխան դիրքավորման արդյունքում, երբ փաստացի առաջին անգամ Հայաստանը ոչ թե լինելու է ՀԱՊԿ իրավիճակներում գին վճարող, այլ ակնկալող:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Like this post? Please share to your friends: