Ոստիկանին սպանելու կասկածանքով բերման է ենթարկվել երկու անձ. լուսանկարներ՝ դեպքի վայրից

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրել է.

Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը` ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ցավակցում ենք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր գործընկերոջ ընտանիքի անդամներին ու հարազատներին, կիսում կորստյան խոր վիշտը:

ՀՀ Քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը և «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ» 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք ՀՀ ոստիկանության ծառայողներ են, ովքեր նույն օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով: Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են 1 հատ պարկուճ և 1 փամփուշտ, արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ: Առգրավվել են մահացածի հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու վերաբերյալ:

Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ ավելացրել է ևս մի գրառում.

Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել ու ոստիկանություն բերման են ենթարկվել երկու անձ՝ ժամեր առաջ Ազատության պողոտայում ոստիկանության ծառայողին հրազենի գործադրմամաբ սպանելու կասկածանքով։ Մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ոստիկանին սպանելու կասկածանքով բերման է ենթարկվել երկու անձ

 

Like this post? Please share to your friends: