Նոր Հաճնում մահացած երեխաների հայրը խնդրում է, որ իրեն ազատեն՝ երեխաների թաղմանը մասնակցել հասցնելու համար

Արդեն ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին, Նոր Հաճնում ողբերգական դեպք է տեղի ունեցել. բնակարանում մահացել են 77 ամյա տատիկն ու 4 թոռները:

Տեղի ունեցած դեպքից հետո մահացած 4 երեխաների հայրը շտապել է օդանավակայան, որպեսզի վերադառնա Հայաստան, սակայն շտապության պատճառով՝ չլրացնելով միգրացիոն փաստաթուղթը, ձերբակալվել է, հայտնում է Armlur.am-ը:

Նշենք, որ մահացած 4 երեխաների ծնողները թողնելով իրենց երեխաներին տատիկի խնամքին ապրում են Ուկրաինայում: Նրանք երկար տարիներ է ինչ բաժանված են:

Ըստ կայքի աղբյուրի` մահացած երեխաների հայրը խնդրում է, որպեսզի իրեն բաց թողնեն, գոնե գա հասնի երեխաների և մոր հուղարկավորությանը:

Հավելենք, որ 4 թոռներին պահել մեծացրել է 77-ամյա տատիկը, վերջինիս երեխաներին խնամելու հարցում աջակցել է մյուս տղան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոտայքի մարզում նոյեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Աբովյանի բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր-Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարան, որտեղ հայտնաբերել են 5 քաղաքացու դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի եւ 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը:

Ըստ նախնական տեղեկությունների, նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից:

Like this post? Please share to your friends: