Կներե՛ք, բայց օրական 15 հազար դրամ ես չեմ աշխատում, իսկ սա նշանակում է որ հնարավոր է այդ ցուցարարներին հրահրել են

Ինչպես արդեն ավելի վաղ հայտնել էինք, վերջին մի քանի օրերին Իջևանում տեղի են ունենում ցույցեր՝ անօրինական ծառահատումները կանխելու օրենքի պատճառով:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցի համոզմամբ՝ Իջևան քաղաքում տեղի ունեցածը գալիս է փաստելու հայտնի ճշմարտությունը՝ «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը», քանի որ այդ ամենի արդյունքում պատժվեց ընդամենը թրջված ժողովուրդը։

«Բա պաշտոնյաներն ասում են, որ գիտեին՝ կա 40 մլն դոլարի փայտի ապօրինի շրջանառություն։ Բա լավ, Դատախազությունն ո՞ւր էր էս մեկ տարվա ընթացքում։ Էս նոր իշխանություններն արդյոք մի բան ձեռնարկել են այդ 40 մլն դոլարի շրջանառությունը կանխելու համար։

Բա մինչև հիմա ի՞նչ եք արել․ հիմա նոր ԱԱԾ-ի ղեկավարը գնում է Իջևան ու հայտնում, որ ունեն տեղեկություն, որ ապօրինի շրջանառություն է եղել․ այսինքն՝ ամեն ինչը ոչ թե կանխում են, այլ խնդրի հետևից գնում»,- ասաց իրավապաշտպանը՝ նշելով, որ չի հավատում, որ այս 40 մլն դոլարի ապօրինի փայտի շրջանառությունը եղել է առանց մարզպետի, ԱԱԾ-ի ու Ոստիկանության գիտության։

Անդրադառնալով Իջևան քաղաքում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներին՝ Նինա Կարապետյանցը նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու են ցույց ցրող ոստիկանները եղել առանց սաղավարտների։ «Ինքա՞ն կարելի է ոստիկանին տանել և մատաղ անել, ինչո՞ւ ոստիկանը չի ունեցել սաղավարտ․ մեր ոստիկանները ֆիզիկական պաշտպանվածության տեսակետից շատ անպաշտպան են։

Ոստիկանապետն էլ գնում է և ոստիկաններին հպարտությամբ ասում է, որ շնորհակալ է։ Հարց է առաջանում՝ ինչի՞ համար ես շնորհակալ, նրա համար, որ քո ոստիկանները ծեծ են կերել, քեզ ինչի՞ համար են գեներալի կոչում տվել»,- հարց հնչեցրեց Նինա Կարապետյանցը։ Իրավապաշտպանն անդրադարձավ նաև ոստիկանական գործողությունների հետևանքով բերման ենթարկված տղամարդկանց ընտանիքի անդամների այն պատմություններին, որ ոստիկանները գիշերով մտել են իրենց տներն ու իրենց ամուսիններին ներքնաշորերով տարել։

«Ինձ ասում են, որ ոստիկանական բաժանմունքում տղամարդիկ նստած են եղել ներքնաշորերով, հարց է առաջում՝ էդ ո՞վ ա փախուստի դիմում ներքնաշորով, որ մի հատ էլ դուք բերման եք ենթարկել։ Իսկ ինչ վերաբերում է այն կնոջ պատմությանը, որ ոստիկանները մտել են իրենց տուն և փորձել են տանել հաշմանդամություն ունեցող 21 ամյա երիտասարդին, հարց է առաջանում՝ եթե ոստիկաններն ասում են, որ մարդկանց տներ են մտել՝ ունենալով օպերատիվ տեղեկություններ, բա չգիտեին, որ այդ տղան հաշմանդամ է և բողոքի ցույցին չի մասնակցել, որ ցանկացել են ձեռնաշթղաներով տանել։

Այս ամենը փաստում է մի բանի մասին՝ մեր Ոստիկանությունը չի փոխվել, իսկ չի փոխվել, որովհետև որևէ մեկն այս տարիների ընթացքում այդպես էլ լուրջ պատասխանատվություն չկրեց։ Օրինակ՝ «Սարի թաղի», «էլեկտրիկ Երևանի», «Մարտի 1»-ի և այլ դեպքերով կա՞ արդյոք լուրջ պատասխանատվության ենթարկված ոստիկան կամ քննիչ»։ Նշենք, որ ըստ Ոստիկանության տարածած հաղորդագրության, երեկ՝ հուլիսի 18-ին, Ոստիկանությունում տեղի է ունեցել կարգապահական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ աշխատանքից ազատվել է 7 ոստիկան, նկատողություն է հայտարարվել երկուսի նկատմամբ։< Իրավապաշտպանի համար նաև անհասկանալի է ցուցարարների այն պնդումները, որ իրենք չեն կարող 8-15 հազար դրամով ընտանիք պահել։

«Կներե՛ք, բայց օրական 15 հազար դրամ ես չեմ աշխատում, իսկ սա նշանակում է որ հնարավոր է այդ ցուցարարներին հրահրել են, որ նման բան տեղի ունենա։ Այն, որ փայտի բիզնեսը կազմակերպված է եղել՝ որևէ մեկի համար կասկածելի չէ․ և՛ Սևանի ձկան, և՛ հանքարդյունաբերության որոշ ոլորտների, և՛ փայտի բիզնեսը եղել է մաֆիայի բարձր հովանու ներքո:

Խոսքն, իհարկե, վերաբերում է նախկին իշխանություններին, որոնցից շատերն են մնացել, իսկ այդ նախկինները մնալով իշխանության մեջ հեղափոխությունը տանում են կործանման, իսկ եթե հեղափոխությունը տապալվեց, էս ժողովրդին վառելու են փողոցում․ չի ներվելու ժողովրդին հեղափոխությունը, եթե հանկարծ հետ վերադարձան հին իշխանությունները, անպես որ մենք բոլորս շատ անելիք ունենք»։

Like this post? Please share to your friends: