Ասում էին, որ վիճակը կայուն է, բայց երեկոյան զանգեցին, ասացին՝ հիվանդի սիրտը կանգնել է…

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորում ստացած ստեփանակերտցի Հայկ Իշխանյանը հիվանդանոցում է մահացել պայթյունից ավելի քան 10 օր անց։ «Բժիշկներն անընդհատ ասում էին, որ վիճակը կայուն է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հայկի կինը Էլինա Իշխանյանը։

Էլինայի խոսքով՝ բժիշկներն ասում էին, որ Հայկի կյանքին վտանգ չէր սպառնում․ «Բժիշկներն ասացին, որ միայն այրվածքներ ունի, կյանքին վտանգ չի սպառնում։ 10 օր ինքը լավ է եղել, ասում էին՝ վիճակը նորմալ է, արդեն կարող ենք տեղափոխել այրվածքաբանական կենտրոն, որպեսզի այրվածքները բուժեն։ Հոկտեմբերի 4-ին Հայկի ծնունդն է, 26 տարեկան դարձավ։ Ամսի 3-ին, որ գնացինք հիվանդանոց, ասացին՝ հիվանդի վիճակը կայուն է, արդեն կարող ենք տեղափոխել այրվածքաբանական կենտրոն։ Ամսի 4-ին տորթ պիտի տանեինք կենտրոն, ծնունդը շնորհավորելու համար, բայց չթողեցին, որ իր մոտ մտնենք»։

 

Էլինային ու ընտանիքի ոչ մի անդամի չեն թողել նրա մոտ մտնել․ «Որ Հայկն իմանա, որ մենք իր կողքին ենք։ Դա անմարդկային վերաբերմունք էր։ Անգամ վերջին վայրկյանին, երբ արդեն գիտեին, որ Հայկը չկա, չեն թողել, որ մտնենք մոտը։ Ոչ մի բացատրություն չեն տվել։ Ասացին՝ երիկամներն է, դիալիզ պիտի սկսենք, ձեր թույլտվությունն է պետք, ասացի՝ ամեն ինչ կտամ, միայն թե իր կյանքին վտանգ չսպառնա, միայն թե բուժեք իրեն, ինձ համար կարևոր չի իր կյանքի որակը, կարևորը ինքն ապրի։ Դիալիզի համաձայնությունը տվեցի, արեցին, ամսի 5-ի երեկոյան զանգեցին, ասացին՝ հիվանդի սիրտը կանգնել է»։

Էլինան, 2 անչափահաս երեխաները ու ընտանիքի մյուս անդամները Հյակին վերջին անգամ տեսել են սեպտեմբերի 25-ին։ Մինչև վերջին պահը նրանց մտքով անգամ չէր էլ անցնում, որ Հայկը կարող է այլևս իրենց հետ չլինել։

Like this post? Please share to your friends: