Եթե սառը ցնցուղ ընդունեն ՀՀ քաղաքացիները, ապա անպայման կընտրեն ՀՀԿ-ին

Այսօր ՀՀԿ պատգամավորներ եւ առաջադրված թեկնածուներ Արմեն Աշոտյանն ու Արփինե Հովհաննիսյանը ասուլիսով ազդարարեցին ՀՀԿ-ի քարոզարշավի մեկնարկը: ՀՀԿ-ի կարգախոսն է՝ եթե մտահոգ ես, ընտրիր ՀՀԿ-ին:

Aravot.am-ը հարցրեց՝ Նիկոլ Փաշինյանը ֆեսբուքում գրել է՝ եթե մտահոգ եք, սառը ցնցուղ ընդունեք, ո՞ր տարբերակն է ավելի ճիշտ մտահոգների համար՝ ՀՀԿ-ին ընտրե՞լ, թե՞ ամեն դեպքում սառը ցնցուղ ընդունել, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե սառը ցնցուղ ընդունեն ՀՀ քաղաքացիները, ապա անպայման կընտրեն ՀՀԿ-ին, որովհետեւ կհասկանան, թե ի՛նչ է իրականում տեղի ունենում: Իսկ իրականում Նիկոլ Փաշինյանն իր ոճի մեջ է, կարող է այսօր է՛լ ավելի սուր բան ասել: Դրանից ի՞նչ է փոխվում ձեր կյանքում՝ դատեք ինքներդ»:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ իրականում վիճակն արտասովոր արտահերթ է. «Այս արագության մեջ չես կարողանում նկատել շատ մանրուքներ, իսկ սատանան մանրուքների մեջ է, եւ այդ մանրուքները թելադրելու են վաղը քաղաքական այլ օրակարգ: Նա ասաց, որ ուզում է, որ ապագա խորհրդարանն աշխատի այնքան, որքան Սահմանադրությունն է նախատեսում, դա երկրի կայունության երաշխիքն է, ու ոչ ոք չպետք է ուրախա, երբ անկայուն իրավիճակ լինի երկրում»: Աշոտյանն էլ հավելեց՝ «մենք ռեւանշիստներ չենք»:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ ասում եք՝ սատանան մանրուքների մեջ է, բայց սատանան նաեւ սեւի մեջ է, Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց. «Ես երբեք տրենդներին չեմ ենթարկվում, սեւ ու սպիտակը միշտ է դասական: Իմ հագուկապի ու քարոզչական տեղեկագրի վրա տեսնում եք, որ կա միայն սեւ ու սպիտա՞կ: Պատմությունն էլ գրում են սպիտակի վրա սեւով, այդ երկուսի համադրությունն է ճիշտ, այդ երկուսն են իրար հակակշռում, ներդաշնակություն տալիս»:

Աշոտյանն արձագանքեց՝ ո՞վ ասաց, որ սեւի մեջ սատանան է, մեր առաքելական եկեղեցու սպասավորների զգեստը սեւ է, դուք ի՞նչ եք ուզում ասել: Աշոտյանի խոսքով՝ «Մեր լեզուն նրա համար է երկար, որ մենք գիտելիք ունենք ու  կաշկանդված չենք Նիկոլ Փաշինյանի ֆենոմենով»:

Աղբյուր՝ Առավոտ 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ