Սասուն Միքայելյանը Թալինում աղմկահարույց և սկանդալային հայտարարություն է արել

Տեր Եփրեմ Հարությունյանը գրում է․

Թալինում հանրահավաքի ժամանակ հնչեցրած ՔՊ անդամ՝ ԱԺ նախկին պատգամավոր Հրազդանի կամավորական ջոկատների հրամանատար Սասուն Միքայելյանի ելույթը խայտառակություն է և Արցախյան ազատամարտի նահատակների սուրբ հիշատակի նկատմամբ մեծագույն վիրավորանք…

«… ես այս պահին չեմ վախենում ու վարանում ասել, որ այս հաղթանակը ավելի կարևոր է, քան Արցախյան ազատամարտում տարած հաղթանակը»,- ասել է ՔՊ անդամը՝ նկատի ունենալով մայիսին կատարված իշխանափոխությունը։

Պարո՛ն Միքայելյան, հասկանո՞ւմ եք թե այս արտահայտությամբ ինչպիսի վիրավորանք եք հասցնում պաշտոնական տվյալներով Արցախյան պատերազմում ունեցած մեր գրեթե 6000 նահատակների, զոհերի հիշատակին ու ընտանիքներին։

Թե չկարևորելով Արցախյան պատերազմում հայ ազգի տարած հաղթանակը, որով մենք մեր սրբազան Հայրենիքի տարածքներ ենք ազատագրել, նախորդների գործն եք շարունակում՝ հող նախապատրաստելով մեր պատմական Հայրենիքի ազատագրված տարածքների վերադարձման գործի համար։

Մեր նահատակ տղերքից, եղբայրներից շատերը իրենց անձնական երջանկությունը (շատերն անգամ ընտանիք չկազմեցին), իրենց ամենաթանկը՝ կյանքը տվեցին Արցախյան Սուրբ Պատերազմի Հաղթանակի կայացմանը, որ դուք այսօր այդ հաղթանակը ստորադասե՞ք ձեր կատարած իշխանափոխությունից։ Այո իշխանափոխությունից, ձեր, և ո՛չ ժողովրդի տարած հաղթանակից, որովհետև ժողովրդի կյանքում ոչինչ չփոխվեց, ավելին, ձեր՝ մեր իրականություն ներմուծած և ներմուծվելիք շատ օտարոտի և արևմտամետ այլասերվածություն քարոզող գաղափարների հաստատվելուց հետո մենք ավելի մեծագույն խնդիրների առջև ենք կանգնելու։

Ատել և մերժել եմ կուսակցական որևէ գաղափարախոսություն, լինի դա նախկին և ներկա իշխանությունների հետ կապված։

Եվ այսպես…

Մեր Հայրենիքի ամեն մի թիզ հող և այդ մի թիզ հողն ազատագրած, ձեռք բերած աննշան հաղթանակը հազարապատիկ անգամ ավելի արժե, քան մեր Հայրենիքին մշտապես վնաս հասցրած կուսակցական որևէ խարդավանք…

info24.am

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ