Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին դեկտեմբերի 9-ի գիշերն սպասվում է մեծ անակնկալ. Արմեն Աշոտյան

Հայաստանին անցած վեց-յոթ ամիսների ընթացքում պարտադրվել է սև ու սպիտակ իրականություն, այսօր ՀՀԿ նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ասաց ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Արմեն Աշոտյանը: Նա մեկնաբանեց հարցը, թե ինչո՞ւ են ՀՀԿ նախընտրական ծրագրի բուկլետն ու գովազդային պաստառները սև ու սպիտակ:

«Ամեն ինչ կամ լավ է, կամ վատ է: Ինչ որ երեկ էր, վատ էր, ինչ որ այսօր է, սպիտակ է: Իրենք լավն են, մենք վատը, իրենք հրեշտակներ են, մենք դեմոնները: Բայց դա չէ իրականությունը, իրականությունը շատ ավելի բազմերանգ ու բազմաշերտ է: Հայաստանին պարտադրված խաղի կանոնն այս ամիսների ընթացքում սև ու սպիտակ է, բայց անգամ այս սև ու սպիտակ իրականության մեջ մենք կարող ենք ու պարտավոր ենք թելադրել սեփական քաղաքական օրակարգը: Սա այն է, ինչ պարտադրված է  Հայաստանին: Իսկ այս օրակարգը այն օրակարգն է, որը մենք պարտավոր ենք այսօր թելադրել իշխանություններին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ծրագրի բուկլետի ներսի հատվածի գունային լուծումներին, ըստ Աշոտյանի, դրանք գունավոր չեն, դրանք եռագույն են: «Հայաստանը եռագույն է, սև ու սպիտակ չէ, սա է խորհրդարանում արդեն մեր ծրագրի ներքին երեսը»,- ասաց նա:

Աշոտյանն ասաց, որ դեռ քարոզարշավը չմեկնարկած՝ սկսել են գուժել, որ ՀՀԿ-ն զրո ձայն է ստանալու: «Հիշո՞ւմ եք՝ վարչապետը խորհրդարանի ամբիոնից ասաց՝ զրո ձայն եք ստանալու: Կարծում եմ՝ նման ձևակերպումները նախ և առաջ անարգանք են ՀՀ քաղաքացիների հանդեպ: Ակնհայտ է, որ մենք զրո ձայն չենք ստանալու, ստանալու ենք հազարավոր ձայներ, տասնյակ հազարավոր ձայներ: Անկախ ելքից, եթե անգամ մենք դիցուք չանցնենք խորհրդարան, այդ տասնյակ հազարավոր մարդիկ Հայաստանի Հանրապետության անձնագիրը կրող լիարժեք քաղաքացիներ են: Դեմոկրատական, իսկ ավելի ճիշտ, կեղծ դեմոկրատական իշխանություններն ի սկզբանե այդ մարդկանց հանում են իրականությունից: Այդ մարդկանց, ովքեր համաձայն չեն իրենց հետ, դարձրել է քննադատության թիրախ»,- ասաց նա:

Աշոտյանը նաև հավելեց, որ մարդիկ սկսել են վախենալ կարծիք հայտնելուց:

«Ես ունեմ բազմաթիվ դեպքեր իմ ընտրատարածքում, որտեղ մարդիկ, ում հետ ես խոսում եմ, ասում են՝ Արմեն ջան, շտաբներ չբացես, չենք գալու, բայց ձայները տալու ենք ձեզ: Չենք գալու, որովհետև չենք ուզում հայտնվել ուշադրության կենտրոնում, չենք գալու, որովհետև վախենում ենք աշխատանքը կորցնել, չենք ուզում, որ մեր գալուց հետո մեր տուն մարդ այցելի, ասի՝ ինչո՞ւ ես գնացել Աշոտյանի կամ ՀՀԿ շտաբ: Բայց այդ մարդիկ շատ են, և Նիկոլ Փաշինյանին ու իր թիմին դեկտեմբերի 9-ի գիշերն սպասվում է մեծ անակնկալ»:

Աղբյուր՝ Լրագիր.am

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ