Իրականում մի քանի ամսից ամեն ինչ լավ չի լինելու.․․ Հնարավոր է, ինչպես պատերազմի ժամանակ, վերցնենք նրանց, ովքեր բուժման շանս ունեն․․․

Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով Դանիել Իոաննիսյանի հարցին, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց․ «Խորը սորտավորման հնարավոր է գնանք։ Խորը սորտավորում պատերազմի ժամանակ է նաև արվում, երբ էն պացիենտներին են հիմնականում վերցնում բուժման, որոնք շանս ունեն փրկվելու ու հակառակը։ Եվ չի բացառվում, որ նույնիսկ էս տեմպի պահպանման ժամանակ մենք մոտ օրերս, չգիտեմ, դրան գնանք, բայց ամեն ինչ անում ենք, որ դրան չգնանք, օրինակ՝ նոր մահճակալներ ենք ծավալում և այլն։

Էն տարբերակով, որ եթե էսօրվանից նոր հիվանդ չունենանք՝ արդյո՞ք արդեն ունեցած հիվանդները մեզ կբերեն էդ խորը սորտավորմանը, չեմ կարծում, որովհետև բոլոր հիվանդները, ամեն դեպքում, ստանում են բուժօգնություն, որպեսզի նրանց վիճակը չծանրանա և կարծում եմ՝ դա մեզ բավական լավ հաջողվում է․․․ Չեմ կարծում, որ եթե թիվը մնա էսպես, խորը սորտավորման կարիք կունենանք, դրա կարիքը կլինի թվի աճի ժամանակ»։

Մեկուսացումից ինքնամեկուսացման անցումն էլ ավելի ուժերի գերլարվածություն է պահանջելու մեզանից: Երբ մենք քաղաքացիներին պահում էինք հյուրանոցներում, դա շատ էական հակահամաճարակային միջոցառում էր, քանի որ միայն հիվանդանոցներում եղած քաղաքացիներից մենք ունեցել ենք 1000 դեպք: Այսինքն, մենք այդ հազար հոգուն կարող էինք բաց թողնել մեր տեսադաշտից ինչի արդյունքում նրանք կլինեին պոտենցիալ վարակակիրներ այլ քաղաքացիների համար: Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այսուհետ մենք չենք կարողանալու դա անել, ինքնամեկուսացումը պետք է լինի մեր հիմնական գործիքը: Դրա համար կան տարբեր տեխնիկական միջոցներ, կան նաև դաշտային միջոցներ, այսինքն, երբ մարդիկ զբաղվելու են այդ մարդկանցով, դա չի անելու միայն տեխնիկան: Մենք այդ գործիքները պահելով պետք է հսկողության տակ պահենք իրավիճակը, քանի որ հայտնի չէ, թե երբ է այս ամենն ավարտվելու:

Մենք երկար պետք է պատրաստվենք վարակի օղակները կոտրելով: Դա պետք է անենք այնքան ժամանակ, քանի դեռ բոլորը չեն վարակվել ու լավացել՝ անխուսափելի մահերով, կամ չունենք ուղիղ ազդող դեղամիջոց, որը հորիզոնում չի երևում: Կամ էլ պատվաստանյութ պետք է լինի, որը փրկություն կլինի: Սակայն մոտակա 1-2 տարում պատվաստանյութ ունենալու հույսերը շատ փոքր են»,-ասաց նա:

Թորոսյանի խոսքերով, նույնիսկ, եթե պատվաստանյութ լինի, դրա փորձարկման համար ժամանակ է պետք. «Ես սա ասում եմ, որպեսզի մենք չպատկերացնենք, որ մի քանի ամսից ամեն ինչ լավ է լինելու, իրականում ամեն ինչ լավ չի լինելու: Լինելու է կամ այսպես, կամ հարաբերականորեն լավանա, կարող է շատ վատանա»:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ