Մտել էի խանութ․ աչքի ծայրով նկատում եմ աղքատիկ հագնված մոտ 6-ամյա փոքրիկի՝ մոր հետ․․․ երեխան կանգնել էր ու նայում էր․․․

Դեպքը եղել է մի քանի ամիս առաջ, ձմռանը։ Մտա սուպերմարկետ, տան համար պիտի առևտուր անեի։ Ուշադրությունս մոտ 6-ամյա մի տղա գրավեց, մոր հետ քայլում էին խանութում։ Այնքան գեղեցկադեմ էր երեխան, ժպտացող աչքեր ուներ։ Բայց տխուր էր։ Ակնհայտ էր, որ ինչ-որ բան է ուզում, բայց չի ասում։

Մինչ մայրը կանգնած էր զեղջված ապրանքով ցանցերի մոտ, ինչ-որ բան էր ընտրում, երեխան ֆլոմաստերներ վերցրեց, նայեց, հոտոտեց, ծանր շունչ քաշեց ու նորից դրեց տեղը։ Հետո քանոն վերցրեց, պտտեց ձեռքերի մեջ, խեղճ աչքերով նայեց մորը։ Վերջինս շոյեց որդու գլուխը, քանոնը դրեց տեղը ու կամաց ասաց․

Տղաս, գումար չունեմ։

Երեխան ուղղակի գլխով ասաց «հա» ու անցավ մի կողմ։ Սիրտս կծկվեց․․․ Երեխայի հագին հին, արդեն փոքրացած գլխարկ էր, նապաստակի ականջներով, շատ մանկական։ Աչքիս առաջ եկավ աղջիկս․ երբ ամուսինս դեռ նոր էր մահացել, ես էլ սկզբնական շրջանում դեռ գումար չունեի։ Կար ժամանակ, երբ ես էլ չէի կարող ինձ թույլ երեխայիս համար 1000 դրամի մատիտ ու ալբոմ գնել․․․

Շատ երկար չմտորեցի։ Երբ մայրն ու տղան գնացին ուրիշ կողմ, սայլակիս մեջ դրեցի ֆլոմաստեր, մեծ տուփով գունավոր մատիտներ, ալբոմ, պլաստիլին․․․ մի խոսքով, այն ամենը, ինչ կուրախացներ երեխային։ Բայց հետո սկսեցի մտածել, ինչպե՞ս տամ ապրանքը, որ հանկարծ չնեղացնեմ նրանց։

Որոշեցի սպասել դռան մոտ։ Երբ նրանք արդեն պիտի դուրս գային, ժպտալով մոտեցա ու ասացի․

Գիտեի՞ր, որ այսօր մեր խանութում նապաստակի ականջների մրցույթ էր։ Լավագույնը քո գլխարկն էր, այնպես որ դու հաղթել ես։ Իսկ սա քեզ փոքրիկ պարգևատրում։ 

Դուք չեք կարող պատկերացնել, թե երեխան ինչ աչքերով նայեց ինձ, երբ տեսավ տոպրակի պարունակությունը։ Գուցե շատ մարդիկ՝ արդեն մեծ տարիքի հասնելով, երբեք չեն ունեցել նման էմոցիաներ։ Այդ պահին գործադրեցի բոլոր ջանքերս, որ չարտասվեմ, իսկ ահա մոր մոտ չստացվեց։ Բնականաբար, նա ինձ չէր հավատացել։

Երկուսն էլ սկսեցին շնորհակալություն հայտնել, բայց ես արագ հեռացա, ինձ անհարմար զգացի, քանի որ արածս մեծ բան չէր, հսկայական գումար չէի ծախսել։

Ճանապարհին մտածում էի կյանքի մասին, ցավում, որ նման դեպքեր են լինում, բայց ինձ մի քիչ թեթևացած զգացի, որ ինչ-որ մի երեխայի ստիպեցի հրաշքների հավատալ․․․

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ